Մատչելիության հղումներ

«ԱրմենՏել»-ը ճանաչվել է ամրակցված հեռախոսացանցի շահագործման մեջ գերիշխող դիրք զբաղեցնող օպերատոր


Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօր կայացած նիստում որոշել է «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ճանաչել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հանրային ամրակցված հեռախոսացանցի շահագործման մեջ (աշխարհագրական սկզբունքով ամրագրված համարագրման ռեսուրսի օգտագործմամբ) գերիշխող դիրք զբաղեցնող օպերատոր:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանի հավաստմամբ, ելնելով օրենքով սահմանված ընթացակարգից, դեռ այս տարվա մայիսի սկզբին համապատասխան գրությամբ հանձնաժողովը տեղեկացրել էր «ԱրմենՏել»-ին իր մտահոգության մասին:

«Ցանկացած գերիշխող օպերատոր, ճանաչվելուց հետո 90-օրյա ժամկետում պարտավորվում է փոխկապակցման օրինակելի առաջարկ ներկայացնել», - պարզաբանեց Գեւորգյանը: - «Երկրորդ հիմնական խնդիրը դա իրենց ենթակառուցվածքների, ազատ ունակությունների, թողունակության հրապարակման խնդիրն է, որպեսզի ցանկացած նոր շուկա մտնող օպերատոր կարողանա ծանոթանալ, թե կոնկրետ գերիշխող օպերատորը տվյալ շուկայում որտեղի ինչ ազատ ունակություններ ունի»:

Այս ամենին, Գեւորգ Գեւորգյանի փոխանցմամբ, հետեւելու է հանձնաժողովի ընդունած մեկ այլ կարգ, ըստ որի կսահմանվեն տվյալ շուկայում թողունակությունների հրապարակման կարգը:

«Բիլայն» ընկերության գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը համաձայն է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ընդունած որոշման հետ:

«Դա ակնհայտ փաստ է: Մենք ունենք լրացուցիչ որոշակի պահանջներ, որոնք սկսել ենք ներկայացնել, քանի որ երկրում միայն մենք չենք ֆիքսված հեռախոսակապի օպերատոր, եւ հենց դա է պատճառը, որ հարցն այսպես դրվեց: Մենք վճռական ենք լինելու, որպեսզի հետագայում հանձնաժողովը դրա վրա եւս ուշադրություն դարձնի», - հայտարարեց Վելիչկովը:

«ԱրմենՏել» ընկերության ներկայացուցչին մտահոգում էր, թե արդյո՞ք հանձնաժողովը պատրաստվում է նաեւ այլ օպերատորների ճանաչել որպես գերիշխող դիրք զբաղեցնող` նկատի ունենալով, որ այսօր Երեւանում մեծ ցանց ունեցող այլ կազմակերպություններ եւս կան: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը չբացառեց, որ շուկայի մանրամասն ուսումնասիրությունից հետո այլ ընկերություններ եւս ճանաչվեն որպես գերիշխող դիրք զբաղեցնող:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG