Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ժամանակավրեպ է համարում ՆԱՏՕ-ի արտագնա միջոցառման անցկացումը Թբիլիսիում


Ռուսաստանի արտգործնախարարությունը այսօր հայտարարել է, թե «ժամանակավրեպ եւ տարածաշրջանում իրավիճակի կայունացման շահերին չհամապատասխանող» է համարում ՆԱՏՕ-ի խորհրդի արտագնա նիստի անցկացումը Թբիլիսիում:

«Ներկայիս պայմաններում դաշինքի կողմից արտագնա միջոցառման անցկացումը Թբիլիսիում համարում ենք ժամանակավրեպ եւ տարածաշրջանում իրավիճակի կայունացման շահերին չհամապատասխանող», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` ասված է հայտարարությունում: - «Դրա արդյունքում ընդունված որոշումները հաստատեցին, որ ՆԱՏՕ-ում վերստին գործեցին «սառը պատերազմի» ժամանակների ռեֆլեքսները` «յուրային-օտար» սկզբունքով»:

«Փոխանակ լուրջ հետեւություններ անելու բազմամյա հակամարտությունը ուժային ճանապարհով լուծելու Սահակաշվիլիի ձախողված փորձի առչնությամբ` ՆԱՏՕ-ում հերթական անգամ աջակցություն ցուցաբերեցին նրա ծավալած ապատեղեկատվության արշավին, ավանսներ հատկացրեցին այդ երկրի ռազմական ներուժի վերականգնմանը», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը` հավելելով. - «Վրաստանի հետ դաշինքի հարաբերությունների մակարդակի բարձրացմանը ուղղված քայլերը մենք չենք կարող դիտարկել այլ կերպ, քան որպես Թբիլիսիի նոր արկածախնդրությունների խրախուսում»:

Ռուսաստանի արտգործնախարարությունը նաեւ ակնհայտ է համարել շաբաթասկզբին Թբիլիսիում կայացած նիստից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի Գորի կատարած այցի «հակառուսաստանյան լիցքը»` շեշտելով. - «Ցավալի է, որ օգոստոսի սկզբին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ավելի անաչառ պատկերացում կազմելու համար նրա ծրագրում չկար այց Ցխինվալ, ուր նա իր աչքերով կտեսներ վրացական բանակի կողմից խաղաղ բնակչության գիշերային ռմբակոծության ողբերգական հետեւանքները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG