Մատչելիության հղումներ

Մոտ հինգ տասնյակ կազմակերպություններ չեն մասնակցի «ՀՄՀ-Հայաստան»-ի շահառուների խորհրդի ընտրություններին


47 հասարակական կազմակերպություններ երեկ հանդես են եկել հայտարարությամբ, որով հրաժարվել են մասնակցել «Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան» (ՀՄՀ) ծրագրի շահառուների խորհրդի առաջիկա ընտրություններին:

Քաղաքացիական հասարակության, ֆերմերային տնտեսությունների, շահառու համայնքների եւ ջրօգտագործողների 15 ընտրովի ներկայացուցիչներից կազմված այս մարմինը կոչված է ծրագրի իրականացման ընթացքում պաշտպանել ավելի քան 750 հազար շահառուների շահերը: Խորհրդի ներկա կազմի լիազորություններն ավարտվում են սեպտեմբերի 29-ին:

Շահառուների խորհրդի ընտրություններին մասնակցելուց հրաժարվող հասարակական կազմակերպություններն իրենց որոշումը պատճառաբանել են խորհրդի կանոնակարգում գոյություն ունեցող համակարգային թերություններով, ինչը էականորեն նվազեցնում է այս մարմնի առաքելության իրականացման արդյունավետությունը:

«Երկու տարվա աշխատանքի արդյունքում համոզվել ենք, որ շահառուների խորհրդում լինելով մենք չենք կարող անել ավելին, քան կարող ենք անել այնտեղ չլինելով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ընտրություններին չմասնակցելու որոշումը շահառուների խորհրդի ներկայիս կազմի անդամ, Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը: - «Կոնկրետ ինձ չհաջողվեց ծրագիրը պաշտպանել այն ռիսկերից, որոնց մասին մենք լավատեղյակ էինք, կռահում էինք, փորձում էինք պաշտպանել, ջանքեր էինք ներդնում` չհաջողվեց»:

«Ծրագիրը, փաստորեն, արդեն ջարդված է եւ մի ոտքով կաղ է», - եզրակացրեց Բարսեղյանը:

Շահառուների խորհրդի 15 անդամներից հայտարարությանը միացել են նաեւ «Ազատանի «Ազատան» համայնքային կենտրոն» կազմակերպության ներկայացուցիչ Սեյրան Մարտիրոսյանը եւ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, որոնք, սակայն, չեն պատրաստվում իրենց լիազորությունների ավարտից երկու շաբաթ առաջ հրաժարվել մանդատից եւ այսօր կմասնակցեն խորհրդի հերթական նիստին:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG