Մատչելիության հղումներ

Դմիտրի Մեդվեդեւ. «Ռուսաստանը կշարունակի աջակցել ղարաբաղյան կարգավորմանը»


Ռուսաստանը հետագայում էլ առավելագույն աջակցություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում:

«Մենք սատարում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ուղղակի բանակցությունների շարունակումը», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության վկայությամբ` ասել է Մեդվեդեւը:

«Ռուսաստանի դիրքորոշումը մնում է նույնը. ապագայում եւս մենք առավելագույն աջակցություն կցուցաբերենք այդ բարդ հարցի փոխադարձաբար ընդունելի լուծման որոնմանը», - նշել է Ռուսաստանի նախագահը` հավելելով. - «Այդ հարցով շփումները մենք կշարունակենք ամենամոտ ապագայում»:

Իլհամ Ալիեւը, իր հերթին, հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման «լավ հիմք» կա:

«Մեզ թվում է, նոր լավ հիմք կա հակամարտության այնպիսի կարգավորման, որը կհամապատասխաներ բոլոր պետությունների շահերին եւ կբխեր միջազգային իրավունքի սկզբունքներից», - ասել է Ադրբեջանի նախագահը` հավելելով. - «Եթե հակամարտությունը կարգավորվի մոտ ապագայում, վստահ եմ, որ տարածաշրջանային համագործակցության նոր հեռանկարներ կբացվեն»:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` Ալիեւը նաեւ մտահոգություն է հայտնել վրաց - ռուսական պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ ընդգծել, որ հակամարտությունները «պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով, երկխոսության միջոցով, ընդհանուր եզրեր գտնելով եւ հիմնվելով փոխադարձ հարգանքի վրա»:

Ռուսաստանի նախագահը արդյունավետ է գնահատել պաշտոնական Մոսկվայի եւ Բաքվի փոխգործողությունը եւ այն համարել է Կովկասում անվտանգության եւ կայունության ապահովման առանցքային գործոններից մեկը:

«Ես մանրամասն տեղեկացրեցի Ադրբեջանի նախագահին Հարավային Կովկասում անվտանգության ապահովման նպատակով Ռուսաստանի ձեռնարկած քայլերի մասին», - նշել է Մեդվեդեւը:

Անդրադառնալով երկկողմ առեւտրատնտեսական կապերին` Ռուսաստանի նախագահը վստահեցրել է, որ մինչեւ տարեվերջ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կհասնի 2 միլիարդ դոլարի:

«Ռուս - ադրբեջանական հարաբերությունները շատ դինամիկ են զարգանում, մենք գոհ ենք այդ գործընկերությունից», - հայտարարել է Դմիտրի Մեդվեդեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG