Մատչելիության հղումներ

Հանրապետականի խորհուրդը կքննարկի գործադիր մարմնի որոշման վավերացման հարցը


Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի այսօրվա նիստում կքննարկվի Տիգրան Թորոսյանի հետագա պաշտոնավարումը որպես Ազգային ժողովի նախագահ աննպատակահարմար համարելու եւ այդ պաշտոնում Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը առաջադրելու մասին կուսակցության գործադիր մարմնի որոշման վավերացման հարցը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հանրապետականի փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Սահակյանը հերքեց հրապարակումները, թե Տիգրան Թորոսյանին այլ աշխատանք է առաջարկվելու, գուցե նաեւ` դեսպանի պաշտոն: «Ոչ, նման քննարկումներ չեն եղել կուսակցությունում», - ասաց նա:

Հարցին, թե «ի՞նչ դիրքորոշում կունենա Հանրապետականը, եթե, այնուամենայնիվ, Տիգրան Թորոսյանը չցանկանա հրաժարվել իր պաշտոնից», Հանրապետականի փոխնախագահը արձագանքեց. - «Բնականաբար, դա այդպես ակնթարթային որոշման հետեւանք չէ, դա քննարկվել է բոլոր մեր կառույցներում, առավել եւս` կուսակցության գործադիր մարմնում, որը որոշում է ընդունել: Կառույցի ղեկավարները նաեւ խորհրդի անդամներն են, եւ կարծում եմ, որ գործադիր մարմնի որոշումը կընդունվի»:

Գալուստ Սահակյանի հավաստմամբ` կուսակցության խորհրդի անդամների բացարձակ մեծամասնությունը կողմնակից է գործադիր մարմնի որոշմանը:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG