Մատչելիության հղումներ

Թոմաս Համմարբերգը «ողջունում է առաջընթացը, բայց շարունակում է մտահոգվել կալանավորների խնդրով»


Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը սեպտեմբերի 11-ին Փարիզում կայացած հանդիպմանը Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնախմբին զեկուցել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետաքննության ուղղությամբ զարգացումների եւ նշված դեպքերի հետեւանքով ազատությունից զրկված անձանց վերաբերյալ: Համաձայն Երեւանում Եվրախորհրդի տեղեկատվական գրասենյակի տրամադրած պաշտոնական հաղորդագրության` Համմարբերգը «ողջունել է առաջընթացը առաջին հարցի առնչությամբ, բայց շարունակում է մտահոգվել կալանավորների խնդրով (ըստ էության, նրանք բոլորը ընդդիմության կողմնակիցներ են կամ ընդդիմության հայտնի գործիչներ) եւ մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված քրեական արդարադատության գործընթացով»։

«Մարտի 1-ի փաստերի հայտնաբերման նպատակով անկախ փորձագետների խումբ ստեղծելու մասին Հանձնակատարի առաջարկն արժանացավ Հայաստանի համապատասխան դերակատարների հավանությանը։ Այս խնդրի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են։ Հանձնակատարը վստահ է, որ փաստերի հայտնաբերումը կնպաստի մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով հայ ժողովրդի կրած ուժեղ ցնցումից ապաքինմանը։ Ուստի շատ կարեւոր է, որ փորձագետների խմբի զեկույցը հրապարակվի», - ասված է հաղորդագրությունում:

«Յոթ մարդ մնում են նախնական կալանքի տակ, 14 կալանավորների վերաբերյալ դատական վարույթները ընթացքում են, իսկ 39 մարդ ազատազրկվել է։ Մոտ 41 մարդ ենթարկվել է անազատություն չենթադրող միջոցների, օրինակ՝ փորձաշրջանի կամ տուգանքի, հիմնականում դատական արագ ընթացակարգով։ 19 անձի հետապնդման դեպքերը հիմնված են եղել միայն ոստիկանության վկայության վրա։ Հանձնակատարը նկատել է, որ 2008 թվականի մարտի սկզբին մի քանի մարզային դատախազներին Հատուկ քննչական ծառայության պետի ուղղած նամակում ավելի շուտ ընդդիմության հավաքներին մասնակցած անձանց, քան կոնկրետ գործողությունների մասին տեղեկություններ հավաքելու խնդրանքը հարցեր է առաջացնում այս հետաքննության նպատակի եւ բնույթի վերաբերյալ։ Ըստ Հայաստանի իշխանությունների` բոլոր նախնական քննությունները ավարտվել են», - նշված է Եվրախորհրդի հաղորդագրությունում:

«Մոնիտորինգի հանձնախումբը Հանձնակատարի ներկայացրած տեղեկատվությունն ընդունել է ի գիտություն։ Հարցերը կընդգրկվեն Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնախմբի հաջորդ հանդիպման օրակարգում՝ ԵԽԽՎ նստաշրջանի շաբաթվա ընթացքում (2008 թվականի սեպտեմբերի 29-հոկտեմբերի 3-ը)», - տեղեկացնում է Երեւանում Եվրախորհրդի գրասենյակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG