Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի խորհրդի արտագնա նիստ` Թբիլիսիում


Թբիլիսիում այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի խորհրդի արտագնա նիստը, որին մասնակցելու են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը եւ դաշինքի անդամ 26 երկրների ներկայացուցիչները: Քննարկվելու են ՆԱՏՕ - Վրաստան հետագա համագործակցության եւ Վրաստանին օգնություն ցուցաբերելու հարցերը:

Յաապ դե Հոոպ Սխեֆերը օրերս վրացական «Ռուսթավի - 2» հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնել է, որ ՆԱՏՕ-ի մասնագետները այժմ Վրաստանում ուսումնասիրում են Ռուսաստանի գործողությունների հետեւանքով այս երկրին եւ նրա ռազմական ենթակառուցվածքներին հասցված վնասը` դրանք վերականգնելու համար ձեռնարկվելիք հետագա քայլերը ճշտելու նպատակով:

«ՆԱՏՕ-ի դաշնակիցները այս նիստի շրջանակներում քննարկելու են, թե ինչպես կարող է դաշինքը օգնել վրացական զինված ուժերին: Դա կարող է լինել օգնություն պաշտպանության բնագավառում, կարող է լինել օժանդակություն քաղաքացիներին: ՆԱՏՕ-ն նաեւ կարող է Վրաստանին տվյալներ տրամադրել, որոնք արձանագրվել են դաշինքի ռադարային համակարգերի միջոցով», - ասել է Սխեֆերը:

ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացի վրա ռուս - վրացական հակամարտության ազդեցությանը եւ Վրաստանին անդամակցության գործողությունների ծրագրի տրամադրման հնարավոր ժամկետներին վերաբերող հարցին դաշինքի գլխավոր քարտուղարը պատասխանել է. - «Ժամկետները կախված կլինեն այն գնահատականից, թե ինչպես է նա իրականացնում իր պարտավորությունները: Ես չեմ կարող ասել, թե երբ Վրաստանը կանդամակցի Հյուսիսատլանտյան դաշինքին, բայց նա կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»:

Յաապ դե Հոոպ Սխեֆերը հայտարարել է նաեւ, որ դաշինքը չի ձգտում «սառը պատերազմի» եւ «չի փակում Ռուսաստանի հետ համագործակցության դռները»:

Այնուհանդերձ, Ռուսաստանի իշխանությունները Վրաստանին ՆԱՏՕ-ի անդամակցության գործողությունների ծրագիր տրամադրելու եւ հետագայում նրան դաշինքի կազմում ընդգրկելու հեռանկարը որակում են որպես իրավիճակի ապակայունացմանը նպաստող գործոն:

«Եթե խոսենք ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության մասին` դա ակնհայտորեն դառնալու է շատ լուրջ ապակայունացնող գործոն ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ Կովկասի տարածաշրջանի համար», - օտարերկրյա լրատվամիջոցներին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG