Մատչելիության հղումներ

Ֆրենկ Փալոնը Թուրքիային կոչ է անում վերջ տալ Հայոց ցեղասպանության ուրացմանը եւ Հայաստանի շրջափակմանը


ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով համանախագահ Ֆրենկ Փալոնը ողջունել է Հայաստանի դիվանագիտական քայլը` ուղղված Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանը, եւ կոչ է արել Թուրքիային բարի կամքի այդ ժեստին արձագանքել կոնկրետ քայլերով` ուղղված ճշմարտության եւ արդարության վրա հիմնված տեւական խաղաղությանը: Այդ մասին ասված է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրությունում:

Ներկայացուցիչների պալատում հրապարակած իր հայտարարությունում կոնգրեսական Փալոնը, մասնավորապես, կոչ է արել Թուրքիային դադարեցնել Հայոց ցեղասպանության հերքումը, վերացնել Քրեական օրենսգրքի 301 հոդվածը եւ ազատ խոսքի մյուս սահմանափակումները, ինչպես նաեւ վերջ տալ Հայաստանի նկատմամբ արդեն 15 տարուց ավելի կիրառվող ապօրինի շրջափակմանը:

«Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ վերջին պատերազմից հետո, պետք է հետագա քայլեր ձեռնարկվեն Կովկասում կայունությանը նպաստելու համար: Հայ - թուրքական հարաբերությունների ամրապնդումը էական նշանակություն կունենա այդ ջանքերում», - հայտարարել է Ֆրենկ Փալոնը:

Կոնգրեսականի համոզմամբ, Թուրքիան կարող է ամրապնդել իր հարաբերությունները Հայաստանի հետ` վերջ տալով ցեղասպանության ուրացման իր քաղաքականությանը, մինչդեռ թուրքական կառավարությունը ակտիվ քարոզչություն է իրականացնում ընդդեմ միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման:

Երկրի ներսում, ընդգծում է Ֆրենկ Փալոնը, Թուրքիան պետք է վերացնի Քրեական օրենսգրքի 301 հոդվածը, որով լռեցվում են այն գիտնականները եւ լրագրողները, ովքեր խոսում են Հայոց ցեղասպանության մասին:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը, իր հերթին, հուշագիր է տարածել Կոնգրեսում, որտեղ ուշադրություն է հրավիրում Գյուլի Երեւան այցից հետո Թուրքիայի ղեկավարության հայտարարությունների վրա: Մատնանշված է, մասնավորապես, «Ասոշիեյթեդ փրես» գործակալության հաղորդագրությունը Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հայտարարության վերաբերյալ, որը, ըստ Հայ դատի գրասենյակի, վկայում է, որ Գյուլի այցը Հայաստան ծառայեցվելու է Հայոց ցեղասպանության ուրացման` Թուրքիայի վաղեմի քաղաքականությանը:

«Ասոշիեյթեդ փրես»-ի հաղորդագրության համաձայն` Բաբաջանը իր հեռուստահարցազրույցում հայտարարել է, որ եթե Թուրքիան եւ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն եւ լավ հարաբերություններ ունենան, այլ երկրները կդադարեն ընդունել Օսմանյան Թուրքիային Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի ցեղասպանություն իրականացնելու մեջ մեղադրող բանաձեւեր:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG