Մատչելիության հղումներ

Ազգային ժողովն ընդունեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում լրացում նախատեսող օրինագիծը


Երեկ երեկոյան Ազգային ժողովը պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ գումարեց եւ ամբողջությամբ ընդունեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, ըստ որի մինչեւ 2010 թվականի հուլիսի 20-ը հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթներ չեն անցկացվելու:

Մինչեւ քվեարկությունը ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց Եվրոպական դատարանի որոշումը «Ա1+» հեռուստաընկերության վերաբերյալ եւ հարց ուղղեց օրինագիծը խորհրդարանում ներկայացնող էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին. - «Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր կայացրած որոշման մեջ նշել է, որ «Ա1+»-ը պետք է մրցույթի մասնակցի: «Ա1+»-ը ինչպե՞ս է մրցույթի մասնակցելու, եթե մրցույթ չի իրականացվելու»:

Մարտիրոսյանը հիշեցրեց նաեւ ԵԽԽՎ-ի թիվ 1620 բանաձեւի ձեւակերպումը, թե անհրաժեշտ է անցկացնել արտոնագրման մրցույթ:

Ի պատասխան Ներսես Երիցյանը հայտարարեց, թե «մրցույթը կայացվելու է 2010 թվականից հետո»:

«ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը մեջբերեց հատված մի շարք լրագրողական կազմակերպությունների հայտարարություններից, ըստ որոնց` օրինագիծը վտանգում է ազատ լրատվամիջոցների գործունեությունը:

Օրինագիծը, այդուհանդերձ, ընդունվեց` 71 կողմ, 5 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG