Մատչելիության հղումներ

Արմեն Մարտիրոսյան. «Ընտրությունների ընթացքը կանխորոշվեց ծեծկռտուքի եւ դանակահարության դեպքից հետո»


Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնում երեկվանից Րաֆֆի Հովհաննիսյանին փոխարինած Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ, Արաբկիր համայնքում կիրակի օրը անցկացված ընտրություններում «պայքարում էին փողը, ադմինիստրատիվ ռեսուրսն ու քաղաքացիական գիտակցությունը»:

«Արաբկիրի թաղապետ դարձավ, ոչ թե հաղթեց, այլ դարձավ փողի եւ կաշառքի կողմը», - երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մարտիրոսյանը` հավելելով, թե «տարբեր փորձագիտական գնահատականներով, հաղթած թեկնածուն մի քանի միլիոն դոլար է ծախսել ընտրություններում»:

Կիրակի օրը Երեւանի Արաբկիր համայնքում կայացած քվեարկության նախնական արդյունքներով, թաղապետ է ընտրվել գործարար Ալբերտ Երիցյանը: «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված Զոյա Թադեւոսյանը հաղթող թեկնածուից գրեթե երեք անգամ պակաս ձայն էր ստացել:

Արմեն Մարտիրոսյանը հավելեց, որ ընտրությունների ընթացքը կանխորոշվեց նաեւ առավոտյան տեղի ունեցած ծեծկռտուքի եւ դանակահարության դեպքից հետո:

«Անմիջապես լուրը տարածվեց, եւ մարդկանց մոտ որոշակիորեն, բնականաբար, ահաբեկման խնդիր առաջացավ», - բացատրեց նա:

Կիրակի առավոտյան տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանական դանակահարվել ու հիվանդանոց էր տեղափոխվել Արաբկիրի թաղապետի թեկնածուներից Հովհաննես Շահինյանի նախընտրական շտաբի ակտիվիստ Մհեր Քերոբյանը:

«Քաղաքական կամքի առկայության պարագայում, ես կարծում եմ, որ իրավական բոլոր հիմքերը կան ընտրությունները Արաբկիրում չեղյալ հայտարարելու համար», - անցած ընտրությունների իր գնահատականը հնչեցրեց ընդդիմադիր քաղաքական ուժի ղեկավար ներկայացուցիչը:

Սեպտեմբերի 12-ին ծրագրված ընդդիմության հանրահավաքին Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսին դեռեւս չանդամակցած «Ժառանգություն»-ը, ըստ Մարտիրոսյանի, ինչպես միշտ, մասնակցելու է. - «Այդպիսի հանրահավաքները իշխանություններին, այնուամենայնիվ, զգոն են պահում: Եվ այն կիսաքայլերը, որ իշխանությունները իրականացնում են, նաեւ այդ հանրահավաքների շնորհիվ է»:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի` կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնից հեռանալուն, Արմեն Մարտիրոսյանը ասաց, որ դա պայմանավորված է «բացառապես նրանով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը խիստ զբաղված է միջազգային պատվիրակություններում եւ հաճախ է բացակայում հանրապետությունից»:

«Իհարկե, սա չի նշանակում պարոն Հովհաննիսյանի` կուսակցական եւ խորհրդարանական խմբակցության աշխատանքից մեկուսացում… Պարոն Հովհաննիսյանը եղել եւ մնում է «Ժառանգություն» կուսակցության լիդերը», - ասաց Արմեն Մարտիրոսյանը:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG