Մատչելիության հղումներ

Հաագայի դատարանը կշարունակի Ռուսաստանի դեմ Վրաստանի հայցով լսումները


Այսօր Հաագայի միջազգային դատարանը կշարունակի Ռուսաստանի դեմ Վրաստանի հայցով լսումները: Պաշտոնական Թբիլիսին Մոսկվային մեղադրում է Վրաստանի տարածքը «օկուպացնելու», Հարավային Օսիայի ու Աբխազիայի անջատողականներին աջակցելու եւ այդ տարածաշրջաններում վրաց ազգաբնակչության նկատմամբ էթնիկ զտում իրականացնելու մեջ:

Վրացական կողմի պնդմամբ` այդ քաղաքականությունը Ռուսաստանը ակտիվորեն վարում է դեռ 90-ականների սկզբից, ինչի հետեւանքով տասնյակ հազարավոր մարդիկ լքել են իրենց տները:

«Այս վեճը չի ծագել այս տարվա օգոստոսից: Ավելի քան մեկ տասնամյակ հսկայական թվով էթնիկ վրացիներ վտարվում են Աբխազիայի, Հարավային Օսիայի տարածքներից եւ զրկված են վերադառնալու իրավունքից», - «Ռոյթերզ» գործակալությանը կարծիք է հայտնել Հաագայի դատարանում Վրաստանի շահերը ներկայացնող փաստաբան Ջեյմս Քրոուֆորդը: - «Միջազգային հանրությունը բազմիցս է նման գործողությունները բնորոշել որպես «էթնիկ զտում», սակայն քիչ բան է արվել, որպեսզի բռնի տեղահանվածները վերադառնան Աբխազիայի ու Հարավային Օսիայի իրենց բնակավայրերը»:

Վրացական կողմը հայցը ներկայացրել է ռուս - վրացական հակամարտության ամենաթեժ օրերին` օգոստոսի 12-ին, երբ Ցխինվալիին հարակից վրացական գյուղերի շուրջ 40 հազար բնակիչներ լքել էին իրենց տները: Պնդելով, որ վրացիները ճնշումների, բռնությունների են ենթարկվել վրացի լինելու համար, եւ որ Ռուսաստանի կողմից էթնիկ զտումը այդ տարածաշրջաններում դեռ շարունակվում է, Վրաստանը Հաագայի դատարանից պահանջում է հայցի հետ մեկտեղ քննարկել Ռուսաստանի «հակամարդկային» գործողությունները կասեցնելու ուղղությամբ անհապաղ ջանքեր գործադրելու հարցը: Հայցվոր կողմը պահանջում է նաեւ ապահովել վրաց փախստականների անվտանգ վերադարձը իրենց տները:

Պաշտոնական Մոսկվան հերքում է նման մեղադրանքները: Նիդերլանդներում Ռուսաստանի դեսպան Կիրիլ Գեւորգյանը, ով Ռուսաստանի արտգործնախարարության իրավական դեպարտամենտի ղեկավար Ռոման Կոլոդկինի հետ Հաագայի դատարանում ներկայացնում է ռուսական կողմի շահերը, հայցը որակել է «անհեթեթություն»` կարծիք հայտնելով, որ իրավիճակն ամենեւին էլ այնպիսին չէ, ինչպիսին ներկայացնում է Վրաստանը: Ռոման Կոլոդկինը հայտարարել է, թե սա առհասարակ Հաագայի դատարանի իրավազորության հարց չէ:

Ռուսաստանն էլ իր հերթին է Վրաստանին մեղադրում վրաց - օսական հակամարտության ժամանակ օսերի ցեղասպանություն եւ էթնիկ զտում իրականացնելու մեջ. Հարավային Օսիայի քաղաքացիների անունից շուրջ 300 հայց է ներկայացվել Հաագայի դատարան:

Եռօրյա լսումների արդյունքում Հաագայի դատարանը որոշելու է, թե արդյո՞ք Վրաստանի ներկայացրած հայցի քննությունը իր իրավազորության շրջանակներում է:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG