Մատչելիության հղումներ

Մեկնարկեց Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը


Երկուշաբթի օրը մեկնարկեց Ազգային ժողովի չորրորդ գումարման չորրորդ նստաշրջանը: Ու թեեւ շաբաթ օրը Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմինը աննպատակահարմար է համարել Տիգրան Թորոսյանի հետագա պաշտոնավարումը որպես խորհրդարանի խոսնակ եւ հավանություն է տվել նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Հովիկ Աբրահամյանի թեկնածությանը, առաջին նիստը այսօր վարում էր Տիգրան Թորոսյանը, իսկ Հովիկ Աբրահամյանը նիստին ընդհանրապես չէր մասնակցում:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու Հովիկ Աբրահամյանը չի մասնակցում նիստին, Դաշնակցույթան խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը արձագանքեց. - «Էդ Ազգային ժողովի բոլոր պատգամավորները գործի են գալի՞ս, որ հիմա էս մեկի վրա զարմացաք»:

Տիգրան Թորոսյանը, լրագրողների համառ փորձերից հետո էլ որեւէ կերպ չմեկնաբանեց ՀՀԿ-ի գործադիր մարմնի որոշումը:

«Ես [ՀՀԿ-ի] խորհրդի նիստից հետո ձեր հարցերին կպատասխանեմ», - ասաց նա` հավելելով, որ խորհրդի նիստը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին:

ՀՀԿ կուսակցության մամուլի խոսնակ, պատգամավոր Էդաուրդ Շարմազանովը հարցին, թե ինչպե՞ս է ի կատար ածվելու ՀՀԿ գործադիր մարմնի որոշումն այն դեպքում, երբ Տիգրան Թորոսյանը դեռեւս չի պատրաստվում հրաժարական ներկայացնել, պատասխանեց. - «Հայաստանի հանրապետական կուսակցության 18-ամյա պրակտիկայում նման որոշում դեռեւս չի եղել, որ կուսակցականները չկատարեն կուսակցության որոշումները»:

ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմած խորհրդարանական քաղաքական ուժերը չեն հավակնում Ազգային ժողովի նախագահի պաշտոնին, թեեւ կոալիցիոն համաձայնագրում դա հստակ ֆիքսված չէ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Եթե մեր կոալիցիոն գործընկեր Հանրապետականը որոշել է իրեն պատկանող քվոտայում կատարել, այսպես ասեմ` ռոտացիա, ապա «Բարգավաճ Հայաստան»-ը չի խախտելու խաղի կանոնները»:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հարցին, թե հնարավո՞ր է, որ իրենց թեկնածուն առաջադրեն խոսնակի պաշտոնում, ասաց. - «Ոչ: Դա կոռեկտ չէ»:

«Փոխելը Ազգային ժողովի նախագահին, նոր թեկնածու առաջարկելը նույնպես Հանրապետական կուսակցության իրավասությունների մեջ է, ուստիեւ` եթե այդ որոշումը կայացվի, վերջնական տեսքի գա եւ ներկայացվի գրավոր մեզ… ապա, կարծում եմ, մենք շատ հարցեր չենք ունենա», - ասաց ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Խորհրդարանական անցուդարձից այսօր կարելի է առանձնացնել նաեւ, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը Ազգային ժողովի նախագահին գրավոր տեղեկացրել է, որ իր զբաղվածության պատճառով խմբակցության ղեկավար է նշանակվել Արմեն Մարտիրոսյանը:

Այսօր նաեւ Ազգային ժողովի գիտության, կրթության, երիտասարդության եւ մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հանրապետական խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը: Այս պաշտոնը թափուր էր մնացել Հրանուշ Հակոբյանի` սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ նշանակվելուց հետո:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG