Մատչելիության հղումներ

Սարկոզին Մոսկվայում բանակցում է Մեդվեդեւի հետ


Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր Մոսկվայում հանդիպում է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ` բանակցելու Հարավային Օսիայի եւ Աբխազիայի խնդրի շուրջ:

Ներկայումս Եվրամիությունում նախագահող երկրի` Ֆրանսիայի նախագահին ուղեկցում են Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Խավիեր Սոլանան եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն:

Պատվիրակությունը Մոսկվայից կմեկնի Թբիլիսի, որտեղ կներկայացնի ռուսաստանյան կողմի հետ բանակցությունների արդյունքները:

Ռուս-վրացական բախումներից հետո Ֆրանսիայի միջնորդությամբ օգոստոսի 12-ին կնքվել է 6 կետից կազմված հաշտության համաձայնագիր, որը, սակայն, ինչպես պնդում են Արեւմուտքն ու Վրաստանը, ռուսները ոչ ամբողջությամբ են կատարել: Մասնավորապես` դուրս չեն հանել իրենց ստորաբաժանումները Վրաստանի տարածքից:

Եվրամիության նպատակն է` երկու փուլով ապահովել Վրաստանի ամբողջ տարածքից ռուսաստանյան զորքի դուրսբերումը: Բրյուսելը հորդորում է Մոսկվային առաջին փուլում բանակը ետ քաշել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի սահմաններից դուրս գտնվող շրջաններից:

Ըստ «Ֆրանսպրես» լրատվական գործակալության, այսօր Վրաստան է ժամանում ՆԱՏՕ-ի փորձագետների 15 հոգանոց պատվիրակությունը, որը պետք է տեղում գնահատի 5 օր տեւած ռուս-վրացական բախումների հետեւանքով Վրաստանի զինված ուժերի կրած վնասի չափը:

Իսկ սեպտեմբերի 15-16-ի Թբիլիսիում տեղի կունենա ՆԱՏՕ-ի խորհրդի արտագնա նիստը, օրը կնախագահի դաշինքի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG