Մատչելիության հղումներ

Դիք Չեյնի. «Ամերիկան վճռականորեն պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»


«Ամերիկան վճռականորեն պաշտպանում է Ադրբեջանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը», - հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Դիք Չեյնին չորեքշաբթի օրը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո:

«Մենք նվիրված ենք բանակցային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը հասնելուն` լուծում, որը սկսվում է տարածքային ամբողջականության սկզբունքով եւ հաշվի է առնում միջազգային այլ սկզբունքներ», - ասել է Չեյնին` հավելելով. - «Լուծման հասնելը այժմ կարեւոր է առավել քան երբեւէ. այդ արդյունքը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը եւ կայունությանը, ինչպես նաեւ Ադրբեջանի անվտանգությանը»:

«Միացյալ Նահանգները եւ Ադրբեջանը ընդհանուր շատ շահեր ունեն: Երկուսս էլ հետամուտ ենք աշխարհի այս կարեւորագույն տարածաշրջանում ավելի մեծ կայունության, անվտանգության եւ համագործակցության: Մեր ընդհանուր նպատակն է ինչպես մեր, այնպես էլ միջազգային հանրության էներգետիկ անվտանգությունը: Եվ մենք երկուսս էլ նվիրված ենք խաղաղությանը», - հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահը:

«Անվտանգության եւ խաղաղության հիմնաքարերից է պետական սահմանների հարգումը` սկզբունք, որը այսօր վտանգված է», - ասել է Դիք Չեյնին եւ մատնանշել «ռուսական ներխուժումը Վրաստան, որը միջազգային հանրությունը հստակորեն դատապարտեց»:

«Նախագահ Բուշը ինձ այստեղ է ուղարկել Ադրբեջանի ժողովրդին եւ ամբողջ տարածաշրջանին հասցեագրված հստակ եւ պարզ ուղերձով. Միացյալ Նահանգները խորապես շահագրգռված է ձեր բարեկեցությամբ եւ անվտանգությամբ», - հայտարարել է Միացյալ Նահանգների փոխնախագահը եւ փոխանցել երկկողմ հարաբերությունները սերտացնելու` իր երկրի վճռականությունը:

Իլհամ Ալիեւը, իր հերթին, կարեւորել է ԱՄՆ-ի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում` որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, եւ համոզմունք է հայտնել, որ «լուծումը, ինչպես եւ ցանկացած այլ հակամարտության դեպքում, պետք է հիմնված լինի միջազգային օրենքների վրա` հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ տարածաշրջանի ու աշխարհի բոլոր մյուս երկրների տարածքային ամբողջականությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG