Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` «Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. - «Հայ-թուրքական հարաբերությունների հարցում ինձ համար միանգամայն հասկանալի է Դաշնակցության դիրքորոշումը՝ «արյան ծով», «դարավոր ոսոխ» եւ այլն… Մնացած իշխանամետ եւ ընդդիմադիր կուսակցությունների դիրքորոշումն այս՝ Հայաստանի համար կարեւորագույն հարցում ես, ճիշտն ասած, չեմ ըմբռնում: Ինչպես նաեւ չեմ հասկանում, թե ինչպես է Դաշնակցությունը որեւէ այլ կուսակցության հետ կոալիցիա կազմում՝ տարաձայնություններն այստեղ աղաղակող են: Մեր կուսակցությունները կարծես թե հասկանում են, որ «արյան ծովային» մոտեցումը, մեղմ ասած, հնացել է: Բայց մյուս կողմից, ի տարբերություն ՀՅԴ-ի, նրանք չեն մշակել Թուրքիայի հետ հարաբերվելու հայեցակարգը: Մի կողմից, նրանք ընդունում են, որ հարեւան երկրի հետ պետք է հաստատել նորմալ բնականոն հարաբերություններ, մյուս կողմից՝ նրանք այս կամ այն չափով չեն խուսափում դաշնակցական ռիտորիկայից: Երեւի, վախենում են ձեռք բերել «ազգի դավաճանի», «Ցեղասպանությունն ուրացողի» խարանը, երբեմն էլ այդ պիտակները ծոցն են պահում՝ ընդդիմախոսի երեսին շպրտելու համար»:

Դաշնակցության` երեկ կազմակերպած հանրահավաքի մասին «Հայք»-ը գրում է. - «Բացի հավատավոր մի քանի տասնյակ դաշնակցականներից, Մատենադարանի մոտ հավաքվել էին հիմնականում բարձր դասարանցիներ եւ նրանց ուսուցիչները: Ընդ որում, հսկայական գումարների ծախսելով, դպրոցականներին եւ ուսուցիչներին բերման են ենթարկել Նոյեմբերյանից, Ստեփանավանից, Շիրակի մարզի բազմաթիվ գյուղերից, Արմավիրից, Արարատից, Կոտայքից, Վայքից: Կարծում ենք, որ երեկվա խայտառակությունից հետո Սերժ Սարգսյանը եւ Տիգրան Սարգսյանը պետք է մտածեն կրթության եւ գիտության նոր նախարար գտնելու մասին, քանի որ Սպարտակ Սեյրանյանը երեկ ապացուցեց, որ իր վերադասը ոչ թե կառավարությունն է, այլ դրան հակադրվող իր կուսակցությունը»:

«Ծայրահեղ բարդ վիճակ» վերնագրի ներքո «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Սերժ Սարգսյանի երեկվա այցը Սոչի եւ Դմիտրի Մեդվեդեւի հետ նրա հանդիպումը Հայաստանին ոչ մի լավ բան չեն խոստանում: Այս այցի ժամանակ հաստատվեցին այն մտավախությունները, որ Մոսկվայում սեպտեմբերի 5-ին կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների նախագահների հանդիպման ժամանակ հիմնականում քննարկվելու է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ճանաչման հարցը: Եվ Ռուսաստանը առաջ է քաշելու ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Հարավայի Օսիայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ միասնական դիրքորոշում ընդունելու հարցը: Մինչեւ երեկ Հայաստանի քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում շատ մեծ էին հույսերը, որ Ռուսաստանի Դաշնությունը, հասկանալով այս հարցում Հայաստանի ավելի քան խոցելի դիրքերը, չի սրի իրավիճակը եւ Հայաստանի չի դնի մի իրավիճակի մեջ, երբ պետք է հարաբերությունները փչացնել Վրաստանի հետ` այն երկրի հետ, որի միջոցով է իրականացվում Հայաստանի ապրանքաշրջանառության ավելի քան 70 տոկոսը: Սակայն այլեւս փաստ է, որ Ռուսաստանը միտք չունի Հայաստանի նազուտուզը տանել, եւ որ իր համար հիմա իր խնդիրները շատ ավելի կարեւոր են»:

Նույն թեմայի շուրջ «Հրապարակ»-ը գրում է. - «Հայաստանը հարկադրված է մինչեւ սեպտեմբերի 5-ը պաշտոնական հստակ դիրքորոշում ներկայացնել Հարավային Օսիայի իրադարձությունների վերաբերյալ: Վերջնաժամկետը Սերժ Սարգսյանի առջեւ դրվել է երեկ Սոչիում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ»:

Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի հարցին, առողջապահության նախարարության փորձաքննությունների կենտրոնի տնօրեն Շոթա Վարդանյանը անդրադառնում է մարտի 1-2-ի իրադարձությունների ընթացքում դիպուկահարի կրակոցների մասին տեղեկություններին. - «Դիպուկահարի կրակոցը սովորաբար կարաբին է ենթադրում։ Դա բավական հզոր գնդակ է, որի ավերիչ հատկությունը մեծ է։ Մենք այդպիսի գնդակներ չենք ունեցել։ Չենք ունեցել նաեւ կենտրոնի շուրջը պտտվող գնդակներ, որի քայքայիչ ազդեցությունը եւս հսկայական է։ Հայաստանում այդ գնդակները արգելված են։ Պատկերացրեք, եթե նշված գնդակները մտնում են մարդու օրգանիզմ, վնասում են այն բոլոր օրգանները, որոնք ընկնում են շրջանի մեջ։ Այսինքն՝ մարդու ներքին օրգանները կիսաաղացած միս են դարձնում։ Մենք նման բան չենք ունեցել»:

«Առավոտ»-ի տեղեկացմամբ, «Հոկտեմբերի 27»-ի գործով ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու եւ պահելու համար ՀՀ Քրեական օրենսգրքի 232 հոդվածով մեղադրված Միսակ Մկրտչյանն այժմ բնակվում է Բելգիայի Լեոպոլդսբուրգ քաղաքում. - «Հիշեցնենք, որ Միսակ Մկրտչյանը ձերբակալվել էր 1999-ի նոյեմբերի 5-ին: Իսկ իշխանության մեջ ուժերի հարաբերակցության փոփոխությունից հետո՝ 2000-ի ապրիլի 10-ին, փոխվեց Միսակ Մկրտչյանի խափանման միջոցը՝ առողջական վիճակի պատճառաբանությամբ, եւ կալանքը փոխարինվեց հանրապետությունից չբացակայելու ստորագրությամբ»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG