Մատչելիության հղումներ

«Մարտի 1»-ի գործով կալանքի տակ է 7 մարդ


Մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով սեպտեմբերի 2-ի դրությամբ նախնական կալանքի տակ է 7 մեղադրյալ, եւս 8 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանավորման հետ կապ չունեցող այլ խափանման միջոց:

Գործի շրջանակներում ավարտվել է Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ Ֆելիքս Գեւորգյանի եւ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ Արմեն Խուրշուդյանի մասով նախաքննությունը, եւ նրանց վերաբերյալ գործն ուղարկվել է Երեւանի քրեական դատարան:

Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, նախաքննությամբ պարզվել է, որ Ֆելիքս Գեւորգյանը անմիջականորեն մասնակցել է մարտի 1-2-ի զանգվածային անկարգություններին: Մարտի 1-ի ժամը 21-ի սահմաններում Գեւորգյանը տաքսի ավտոմեքենայով Զովունիից գնացել է Երեւան՝ վերցնելով ԱԿՄՍ ինքնաձիգը եւ մի քանի փամփուշտ: Ժամը 23:30-ի սահմաններում, գտնվելով Երեւանի Պարոնյան 7 բնակելի շենքի մոտ՝ «Ութ» սուպերմարկետի դիմաց, եւ տեսնելով, որ ոստիկանության աշխատակիցները շարք կազմած Լեոյի փողոցի կողմից փորձում են իջնել դեպի Մաշտոցի պողոտա, ինքնաձիգով մի քանի անգամ կրակոցներ է արձակել օդ:

Բացահայտվել է նաեւ Ֆելիքս Գեւորգյանի եւ Արմեն Խուրշուդյանի կողմից անցած տարվա աշնանը կատարված հանցագործությունը, երբ նրանք երեւանյան շենքերից մեկի նկուղում հայտնաբերել եւ հափշտակել են անհայտ անձանց կողմից թաքցված ինքնաձիգներ, նռնակներ եւ փամփուշտներ:

Գեւորգյանը եւ Խուրշուդյանը նախկինում դատված են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG