Մատչելիության հղումներ

Լոս Անջելեսում 60 հազար դոլար է հանգանակվել` «Հայաստանի քաղբանտարկյալներին օգնություն ցուցաբերելու նպատակով»


Լոս Անջելեսում մեկնարկել է «Հայաստանի քաղբանտարկյալներին օգնություն ցուցաբերելու» նպատակով կազմակերպված հեռուստամարաթոն-դրամահավաքը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց AMGA հեռուստաալիքի «Վարագույր» հեռուստաժամի տնօրեն Ռուդիկ Հովսեփյանը, այսօրվա դրությամբ, հավաքվել է արդեն 60 հազար դոլար:

«Մենք ուզում ենք, որ այդ գումարը հիմնականում ծախսվի Երեւանում քաղբանտարկյալների ընտանիքների օգնության [նպատակով]», - «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով ասաց Հովսեփյանը:

Նրա փոխանցմամբ, տեղական ժամանակով երեկոյան 7:30-ից մինչեւ կեսգիշեր մարաթոնը հեռարձակվում էր հայկական երկու հեռուստաալիքներով: Լոս Անջելեսի հայերը, բացի այդ, իրենց նվիրատվությունները հանձնում էին հատուկ բացված երեք կետերում, որտեղ հանդիպում էին Միացյալ Նահանգներում համաժողովրդական շարժման կազմակերպիչ Դավիթ Շահնազարյանի հետ:

«Տպավորությունը այն էր, որ դա ուղղակի միտինգ էր, որին մասնակցում էր մեծ Լոս Անջելեսի ողջ հայությունը», - փոխանցեց Ռուդիկ Հովսեփյանը:

Հավաքված գումարը փոխանցվել է ամերիկյան բանկերից մեկում բացված հատուկ հաշվին:

«Մենք հաշվի համար ունենք բացված, որը քաղբանտարկյալների հաշվի համարն է: Մենք հատուկ խումբ ունենք, որը հետեւում է դրան», - ասաց Հովսեփյանը:

Նա ասաց նաեւ, որ Հայ Ազգային կոնգրեսին անդամագրման գործընթացը ԱՄՆ-ում դեռեւս չի սկսվել . - «Մենք այսօր, երբ հայտարարենք Կոնգրեսի համար ստորագրություններ հավաքենք, մոտակա ժամանականերս 35-40 հազար ստորագրություն մենք կոնգրեսին կտանք»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG