Մատչելիության հղումներ

Նախկին արտգործնախարարը առաջարկում է ստեղծել «հակադիր դաշինքներին չմասնակցող Կովկաս»


Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը օրերս International Helard Tribune պարբերականում հրարակած հոդվածում, մասնավորապես, առաջարկել էր, որ պաշտոնական Բրյուսելը, Վաշինգտոնը եւ Մոսկվան հանդիպեն պաշտոնական Թբիլիսիի, Երեւանի եւ Բաքվի հետ` ստեղծելու «որեւէ ճամբարի մեջ չմտնող, անվտանգություն կազմակերպություններին եւ հակադիր դաշինքներին չմասնակցող Կովկաս»: Հոդվածը տպագրվել էր Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելուց առաջ: Օսկանյանը, սակայն, կարծում է, որ այդ հնարավորությունը պահպանվում է նաեւ այսօր:

«Պատմությունը ցույց է տալիս, որ երբ կոնֆլիկտները հասնում են ինչ-որ մի եռման կետի, միշտ լինում են դրական հանգուցալուծումներ` եթե այդ պահին դրսեւորվում է պետական մտածողություն, գլոբալ մտածողություն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասաց Հայաստանի նախկին արտգործնախարարը: - «Եվ ես կարծում եմ, որ այդպիսի պահ եկել էր, եւ, թերեւս, այդ պահը կա: Կարծում եմ, որ իսկապես այսօր հնարավոր է, որ Մոսկվան, Բրյուսելը, Վաշինգտոնը նստեն Թբիլիսիի, Բաքվի եւ Երեւանի հետ` մտածելու, թե ինչպիսի Կովկաս կարելի է ստեղծել, որը զերծ կլինի դաշնակցային հարաբերություններից: Եվ դա, ես կարծում, կարող է բերել ինչ-որ հանգուցալուծման»:

Հարցին, թե արդյոք նման դաշինքի ստեղծումը կնշանակի, որ Հայաստանը պետք է հրաժարվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊՀ) անդամակցելուց ու Ռուսաստանի հետ սերտ ռազմական կապերից, Օսկանյանը արձագանքեց. - «Դա պետք է որոշվի արդեն այդ 6-ի միջեւ` 3+3: Պետք է ներգրավված լինեն այստեղ մյուս հարեւանները: Թուրքիան` հատկապես, որովհետեւ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները այստեղ կարեւոր դերակատարություն կարող են ունենալ: Այս դաշնակցության առանցքային էլեմենտը պետք է լինի ուժի չօգտագործումը… Եվ միայն նման իրավիճակում իսկապես կարելի է կոնֆլիկտների լուծումը արդեն այլ տեսանկյունից դիտարկել: Եվ, ես կարծում եմ, որ շատ ավելի հեշտ կլինի նույնիսկ կարգավիճակների հարցի լուծումը, երբ մենք արդեն վերացնում ենք բոլորի մտահոգությունը իրենց անվտանգության առումով… Ես կոնկրետ հիմա չեմ ասի, թե արդյոք Հայաստանը պիտի դուրս գա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, թե ոչ: Որովհետեւ դեռեւս Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չէ, ես առաջարկում եմ` այդ հարցը ամենաբարձր մակարդակներով այդ պետությունների միջեւ այսօր հնարավոր է քննարկել: Եվ այդ հնարավորությունը, ես կարծում եմ, այսօր ստեղծվել է, որովհետեւ բոլորը զգացին, որ իսկապես իրավիճակը պայթյունավտանգ է, եւ սրա հետեւանքները կարող են երկարատեւ եւ բոլորի համար վնասակար լինել»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG