Մատչելիության հղումներ

Խուճապը վարորդների շրջանում շարունակվում է, թեեւ 500 տոննա բենզին արդեն մտել է Հայաստան


Թեեւ արդեն Հայաստան է հասել 10 վագոն բենզին (մոտ 500 տոննա), երեւանյան բենզալցակայաններում վարորդները մեծ բարդությունների են բախվում մեքենաները վերալիցքավորելիս:

Եւս 10 վագոն, ըստ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի խոսնակ Սուսաննա Տոնոյանի, արդեն պատրաստ է Հայաստան տեղափոխելու համար:

«Բացի այդ, Փոթի նավահանգստում առկա Հայաստան տեղափոխվելիք 2800 տոննա բենզինից 10 վագոնն արդեն բարձված է եւ պատրաստ է տեղափոխման դեպի Հայաստան», - այսօր Տոնոյանը: - «Նույն Փոթի նավահանգստում ունենք նաեւ 3000 տոննա ցորեն, որից 13 վագոնը նույնպես բարձված է, եւ շուտով կտեղափոխվի Հայաստան»:

Նա տեղեկացրեց, որ Սադախոյի անցակետում այս պահին 191 վագոն հայկական բեռ կա, եւ այդ վագոնները պատրաստ են շարժվելու դեպի Հայաստան: Անցած երկու օրերին Հայաստան է տեղափոխվել 130 վագոն բեռ, որից 72` խառը բեռներ, 48-ը` ցորեն եւ 10-ը` բենզին:

Բենզինի բացակայության հետ կապված խուճապը, մինչդեռ, Երեւանում շարունակվում է: Այսօր ձեր թղթակցի այցելած բենզալցակայանների մի զգալի մասում փակցված էր «Բենզին չկա» ցուցանակը, մյուս մասը բենզին է տալիս միայն կտրոններով:

Բենզալցակայաններից շատերում աշխատակիցներին թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ: «Ռանօյլ»-ի մի բենզալցակայանում ընդհանրապես չպատասխանեց հարցին` բենզին ունե՞ն, թե՞ ոչ:

CPS ընկերության լցակայաններից մեկի մոտ հսկայական հերթ էր գոյացել: Վարորդներն ասում էին, թե երեկ այստեց մինչեւ 3 հազար դրամի բենզին էին վաճառում, իսկ այսօր արդեն` մինչեւ 20 լիտր, ընդ որում` ոչ միայն կտրոններով, այլեւ կանխիկ դրամով: Հերթն այստեղ գնալով ավելանում էր:

Վարորդներից շատերը չեն հավատում, թե խնդիրը մոտ օրերս կկարգավորվի, ինչպես պնդում են պատասխանատուները:

«Մեր վարչապետը խոստանում է, որ 15 օրվա բենզինի պաշար ունենք, բայց հաջորդ օրը սկսվում է բենզինի կրիզիս», - ասաց նրանցից մեկը:

Բենզալցակայանների աշխատակիցներից շատերի պնդմամբ, մեղավոր են նաեւ վարորդները, ովքեր, եթե անգամ ունեն բավարար քանակությամբ բենզին, հավելյալ բենզին գնելու առիթը բաց չեն թողնում: Դա խոստովանեցին նաեւ վարորդներից ոմանք:

Վարորդների շրջանում նաեւ շատ են բողոքները, որ վաճառվող բենզինն անորակ է:


Աննա Սաղաբալյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG