Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայաստանը երեք քարի արանքում է», - գրում է «Հայկական ժամանակ»-ը` անդրադառնալով Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու փաստին: - «Մի կողմից` չի կարող բացահայտորեն ողջունել Ռուսաստանի քայլը, քանի որ դրանով կփչացնի հարաբերությունները Վրաստանի հետ, իսկ իր փակ սահմաններով Հայաստանն իրեն նման բան թույլ տալ չի կարող: Մյուս կողմից` Հայաստանը չի կարող դատապարտել մի բան, որ արել է Կրեմլը: Իսկ երրորդ կողմից` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունների հետ նույն հարթության վրա է, եւ ինչպե՞ս կարող է Հայաստանը չողջունել այս չճանաչված հանրապետությունների ճանաչումը աշխարհի որեւէ պետության կողմից»: «Ազգ»-ը եզրահանգում է. - «Այս գործընթացի դրականը մեզ համար այն է, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը այլեւս չի ընկալվի այնպես սուր, ինչպես դա հնարավոր էր նախկինում: Իսկ որ Արցախի ճանաչման խնդիրը թե’ նրա անվտանգության ճանաչման տեսանկյունից եւ թե’ Հայաստանի հետագա զարգացման հեռանկարից օրակարգային է, փաստ է»: Ստեփանակերտցի մեկնաբան Կիմ Գաբրիելյանը նույն թերթում գրում է. - «Կարելի է համաձայնել այն կանխատեսմանը, որ հերթը շուտով կհասնի Ղարաբաղին»:

«Այսպիսով Մոսկվան ձեռնարկեց վճռական քայլ՝ անցավ Ռուբիկոնը՝ կատարված փաստի առաջ կանգնեցնելով իր բոլոր հակառակորդներին», - գրում է «Հայոց Աշխարհ»-ը։ - «Այժմ նրանք կարող են աղմկել, սպառնալ, մեկուսացնել Ռուսաստանին, իսկ Վրաստանի ղեկավարը անգամ կփորձի ռազմական բախման մեջ ներքաշել Սեւ ծովում կուտակված ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի ռազմանավերը։ Բայց, կարծում ենք, մեր ժողովրդի պատմությունից մեզ վաղուց հայտնի այս սցենարը կավարտվի արեւմտյան ռազմավարների հիրավի պատմական դարձած խոստովանությամբ. կպարզվի, որ նրանց նավերը, այս էլ որերորդ անգամ, չեն կարող բարձրանալ Կովկասի լեռները»։

«Պարզ է, որ Ռուսաստանն այժմ պիտի փորձի ստիպել իր բոլոր դաշնակիցներին եւ արբանյակներին նույնպես ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, որպեսզի մենակ չմնա եւ ցույց տա, որ իր քայլը միանգամայն բնականոն էր եւ սովորական», - գրում է «Առավոտ»-ի խմբագիրը: - «Հայաստանի իշխանություններին այդ քայլը պարտադրելու բազմաթիվ լծակներ կան` չճանաչեք` կանջատենք գազը, կզրկենք ատոմակայանի վառելիքից, կզինենք Ադրբեջանին եւ այլն: Ռուսաստանի պարտադրանքից խուսափելը կարող է բերել աղետալի հետեւանքների… Բայց նույնքան վտանգավոր է ճանաչելը: Նախ, դա կնշանակի Վրաստանի հետ հարաբերությունների շեշտակի վատթարացում: Շատ հնարավոր է, որ այդ դեպքում հարեւան երկիրն ընդհանրապես փակի Հայաստան եկող ճանապարհը: Երկրորդ վտանգն այն է, որ ճանաչելով այդ տարածքները որպես անկախ պետություններ, մենք հայտնվում ենք որոշակի, Ռուսաստանի կողմից ղեկավարվող կիսավտարանդի ճամբարում եւ այլեւս չենք կարողանա նորմալ հարաբերություններ պահպանել եվրոպական երկրների եւ Միացյալ Նահանգների հետ… Եվ վերջապես, ճանաչել Հարավային Օսիան եւ Աբխազիան եւ չճանաչել Ղարաբաղը, մեր կողմից կլինի կատարելապես անհեթեթ պահվածք: Իսկ ճանաչել Ղարաբաղը, նշանակում է դադարեցնել բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում եւ պատրաստվել պատերազմի»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթում մեջբերված են ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փոնինգթոնի խոսքերը. - «Նոր պատերազմը տարածաշրջանում իրոք աղետալի կլինի: Մենք շարունակում ենք հետեւողականորեն աշխատել, որպեսզի նման բան չլինի: Կարծում եմ, Հայաստանի, Ադրբեջանի իշխանությունները գիտակցում են, որ պատերազմն աղետալի կլինի, որ ռազմական լուծումը տարբերակ չէ»:

Անդրադառնալով Հյուսիսային պողոտայում վերջին օրերին ոստիկանների գործողություններին` «Հրապարակ»-ը գրում է. - «Իշխանությունը փորձում է ավանդական մեթոդներով ճնշել ժողովրդական շարժումը: Այդ մեթոդները տարիներ շարունակ արդյունավետորեն կիրառվել են եւ հաջողություն բերել կիրառողներին: Սակայն իշխանությունը մոռանում է, որ 2008-ին, հատկապես մարտի 1-ից հետո նոր իրավիճակ է ստեղծվել Հայաստանում, եւ նոր որակի հասարակություն է ձեւավորվել, որի հետ ուժի դիրքերից խոսելն անիմաստ է: Դրա մասին վկայում է նաեւ այն, որ երեկ երեկոյան եւ գիշերը Հյուսիսային պողոտան ավելի բազմամարդ է եղել, քան մինչեւ բռնությունը»:

Փաստաբան Հովիկ Արսենյանը «Հայք»-ի հարցազրույցում ձեւակերպում է. - «Այսօր ընդդիմադիր լինել, նշանակում է ինքնաբերաբար դառնալ կասկածյալ»:

Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, ի պատասխան «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ի վերջո կանչվելո՞ւ է հանձնաժողով, պատասխանել է. - «Եթե անհրաժեշտություն առաջանա, եթե հանձնաժողովը գտնի, որ առանց դրա հնարավոր չէ, հանձնաժողովը կհրավիրի: Հանձնաժողովը կաշկանդված չէ ոչ մի բանով: Ես այս պահին դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում: Ինձ համար ամեն ինչ գրեթե պարզ է»: Իսկ «Առավոտ»-ին Նիկոյանն ասել է. - «Աստված չանի, իմ հանձնաժողովը դառնա մշտական: Կարծում եմ, մեր երկրում էլ չեն լինելու իրադարձություններ, որպեսզի դրանց համար եւս հանձնաժողովի անհրաժեշտություն առաջանա»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG