Մատչելիության հղումներ

Արամ Սարգսյան. «Իշխանություններն ամեն ինչ անում են Մանվել Գրիգորյանին ԵԿՄ նախագահի պաշտոնից հեռացնելու համար»


«Հանրապետություն» կուսակցության նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Արամ Սարգսյանի համոզմամբ, իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանին հեռացնեն Երկրապահ կամավորականների միության նախագահի պաշտոնից` ԵԿՄ-ի փոխարեն «վերահսկելի», «ենթակա» հասարակական կազմակերպություն ունենալու նպատակով:

«Սա միանշանակ ասում է այն մասին, որ Մանվել Գրիգորյանը վերջին գործընթացներում իրեն պահել է դրական առումով, եւ դա է պատճառը, որ իշխանությունները ուզում են նրանից ազատվել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Արամ Սարգսյանը` շարունակելով. - «Եթե Գրիգորյանը բավարարեր իշխանություններին, նրան աշխատանքից չէին ազատի»:

Մանվել Գրիգորյանին ԵԿՄ-ի նախագահի պաշտոնում այլ անձով փոխարինելու դեպքում, Սարգսյանի խոսքով, իշխանությունը «փորձելու է երկրապահ տղաներին գնել փողով, պաշտոններ առաջարկելով». - «Սպանելու է նրանց մեջ ընկերության, արդարության ոգին»:

Նախկին վարչապետի խոսքով, Մանվել Գրիգորյանը ինքն էլ որոշակի կազմակերպչական «բավականին լուրջ աշխատանք է կատարում, որ նման բան տեղի չունենա». - «Իհարկե, ձեռքերը չի ծալել- նստել… Այդ բաները Երկրապահում շատ լավ գիտեն, եւ ինտրիգներ իրենք էլ կարող են անել, առավել եւս` այդ դեպքում, երբ իրենք արդար են»:

Հարցին, թե ինչով է պայմանավորված ԵԿՄ-ի չեզոքությունը այս իրավիճակում, երբ ե’ւ ԵԿՄ-ի փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը. ե’ւ ԵԿՄ-ի բազմաթիվ շարքային անդամներ գտնվում են անազատության մեջ, Արամ Սարգսյանը պատասխանեց. - «Եթե հայտարարությունը բավարար լիներ, եւ դրանից հետո իշխանությունները հետեւություններ անեին ու բաց թողնեին տղաներին, միանշանակ այդ հայտարարությունը կարվեր… Այստեղ խնդիրը հայտարարությունը չէ, այստեղ համապատասխան քաղաքական իրավիճակում կոնկրետ բանակցությունների արդյունքում այդ մարդկանց բաց թողնելու կամ, եթե իշխանությունը հաշվի չի նստում ու չի ուզում հետդ բանակցել ու չի ուզում նույնիսկ տեսակետդ հաշվի առնել, ստիպում են մեզ գնալ այնպիսի քայլերի, որ իրենք ստիպված լինեն մեր կարծիքը հաշվի առնել ու հասկանան, որ երկիրը լուրջ խնդիրներ ունի»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG