Մատչելիության հղումներ

Մերկելը նախաձեռնում է խորհրդաժողով` հարավկովկասյան տարածաշրջանում կայունություն հաստատելու նպատակով


Պաշտոնական Բեռլինն առաջարկում է Հարավային Կովկասի երեք պետությունների` Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի մասնակցությամբ խորհրդաժողով կազմակերպել` տարածաշրջանում եւ Վրաստանում կայունություն հաստատելու եւ վերակառուցելու շուրջ: Նախաձեռնության հեղինակը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է, որի համոզմամբ, հանդիպման հովանավորը կարող է դառնալ Եվրամիությունը:

Գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում կանցլերը պնդել է, թե այդ ձեւաչափում Ռուսաստանի մասնակցությունը չի տեսնում: Այդուամենայնիվ, նրա խոսքով, «կոնկրետ` «երբ, ինչպես եւ ով հարցերը պետք է որոշի Եվրամիությունում այժմ նախագահող երկիրը»: Գերմանական «Շպիգել» պարբերականը պնդում է, թե առաջարկն արդեն ուղարկվել է Ֆրանսիայի առաջնորդին:

Մինչ այդ, Կովկասում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով Անգելա Մերկելը այսօր կհանդիպի Էստոնիայի նախագահի հետ, ապա կմեկնի Lիտվա:

Նախօրեին Մերկելը նույն խնդրի շուրջ քննարկումներ էր ունեցել Շվեդիայի բարձաստիճան պաշտոնյաների հետ: Բավական ինտենսիվ այս այցերի նպատակը, ըստ վերլուծաբանների, մեկն է` քննարկել ռուս-վրացական համակարտության շուրջ Եվրամիության ներսում մեկ միասնական դիրքորոշում որդեգրելու հնարավորությունը: Ինչպես հայտնի է, Բալթյան երկրները, Lեհաստանն ու Շվեդիան պահանջում են դաշինքի մյուս անդամներից առավել խիստ քաղաքականություն որդեգրել Ռուսաստանի հանդեպ, ինչպես նաեւ որոշակի պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի նկատմամբ:

«Իմ համոզմամբ` դա անխուսափելի է», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր Էստոնիայի նախագահ Հենդրիկ Իլվսը եւ հավելել. - «Եվրամիության ներսում, կարծում եմ, ռուսամետների մի դաշինք կա, որը տնտեսական ջերմ հարաբերությունները վեր է դասում մարդու իրավունքների ու ժողովրդավարության վերաբերյալ եվրոպական արժեքներից»:

Էստոնիայի նախագահի մատնանշած «ռուսամետ խմբի» ներկայացուցիչներից մեկն էլ պաշտոնական Բեռլինն է: Նշենք, սակայն, որ չնայած պաշտոնական Մոսկվայի հանդեպ որդեգրած առավել մեղմ քաղաքականությանը, Գերմանիայի կանցլերը նախորդ շաբաթ Սոչի կատարած այցի ընթացքում հայտարարեց, թե Ռուսաստանի կատարած քայլերը ստեղծված իրավիճակին համարժեք չէին, Թբիլիսիսում էլ պաշտպանեց ՆԱՏՕ-ին անդամակցելու` Վրաստանի ջանքերը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG