Մատչելիության հղումներ

Երեւանում զգալի է դառնում բենզինի պակասը


Մայրաքաղաքի բենզալցակայաններում երեկ եւ այսօր բենզին դժվարությամբ էր ճարվում. յուրաքանչյուր մեքենայի բաց էր թողնվում միայն 2 հազար դրամի բենզին` ARCA քարտերով: Նախապես կտրոններ գնած հաճախորդները, սակայն, ստանում էին կտրոններում նշված քանակի բենզին:

Բենզալցակայանի մոտ հավաքված վարորդները, որոնք կտրոն կամ ARCA քարտ չունեին, վրդովված էին: «Մի օր չեկ չկա, մի օր ռեգուլյարը չկա… ուղիղ մի շաբաթ է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նրանցից մեկը: - «Հաղորդում են, որ բենզինը գալիս է, հաղորդում են, որ պրոբլեմ չունենք, բայց փաստորեն պրոբլեմ է»:

Բեռնափոխադրումներ իրականացնող «Ապավեն» ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը, մինչդեռ, երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Երեւանի բենզալցակայաններում վառելիքի որոշակի պակասը շուտով կվերանա, քանի որ Վրաստանից Հայաստան երկաթուղին «փոքր թողունակությամբ սկսել է աշխատել»:

«Բայց դա բավարար է արդեն, որ, եթե նույնիսկ ինչ-որ դեֆիցիտ առաջացել է, շատ արագ շտկվի», - հավելեց նա:

Գագիկ Աղաջանյանի խոսքով, վերջին օրերին Վրաստանից վերադարձել են բենզինով բեռնված 39 մեքենաները. դա ավելի քան 500 տոննա բենզին է, որն արդեն բաշխվել է բենզալցակայաններին:

Կառավարությունից «Ապավեն»-ը բենզինի հետ կապված այլ հանձնարարություն չի ստացել, սակայն հանձնարարություն է եղել Իրանից ալյուր ներկրելու վերաբերյալ, եւ արդեն տեղափոխվել է մոտ 418 տոննա ալյուր: Աղաջանյանի հավաստմամբ, ալյուրի ներկրումը այդ ճանապարհով շարունակվում է, եւ դրա հետ կապված «որեւէ խնդիր չի լինի»:

Երեկ կեսօրին սկսել էր գործել Թբիլիսի - Գորի երկաթգծի վնասված երկաթուղային կամուրջը շրջանցող մեկ այլ գիծ, որի վերանորոգման աշխատանքերին մասնակցել են նաեւ հայ մասնագետները. այդ գնացքով Հայաստան էր տեղափոխվում 35 վագոն ցորեն: Սակայն մի քանի ժամ անց պարզվել էր, որ նույն երկաթհծի վրա` Գորիից 10 կիլոմետր դեպի Խաշուրի հատվածում, այրվել են նավթամթերքով բեռնված վագոններ, եւ ճանապարհը նորից անանցանելի է դարձել:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարարության մամուլի խոսնակ Սուսաննա Տոնոյանը ասաց, որ այս պահին վնասված երկաթգիծը վերանորոգված է, կազմված է բեռների տեղափոխման գրաֆիկ:

«Ամենայն հավանականությամբ, Հայաստան ներկրվող ցորենի վագոնները այսօր կշարժվեն դեպի մեր հանրապետություն», - հավելեց նա` շարունակելով. - «Ներկա դրությամբ, դեպի Հայաստան երկաթգծի վրա վրացական մասում կա 178 վագոն բեռ, որից 108-ը ցորեն է, մնացածը` խառը բեռներ են»:

Տոնոյանը ասաց, որ Հայաստանը բեռներ ունի նաեւ Փոթիի եւ Բաթումիի նավահանգիստներում. - «Փոթիի նավահանգստում կա Հայաստան ներկրվող մոտ 6700 տոննա ցորեն եւ 93 վագոն խառը բեռ: Բաթումիում ունենք 2500 տոննա ցորեն, 10 վագոն բենզին եւ եւս 1000 տոննա բենզին… Բեռնափոխադրումները եթե սկսեն նորմալ հունով ընթանալ, մենք առաջնահերթությունը տալու ենք ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների ներկրմանը, մասնավորապես` ցորենի եւ բենզինի ներկրմանը»:

Նա հավելեց, որ վերջին օրերին վառելիք եւ ցորեն ներկրվում է նաեւ Իրանից:

Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը այսօր հատուկ հայտարարություն է տարածել «Հայաստանում սկսված վառելիքի ճգնաժամի կապակցությամբ»:

«Վրաց-հարավօսեթական կարճատեւ ռազմական հակամարտությունը հերթական անգամ ի ցույց դրեց ապօրինի վարչախմբի որակները՝ անգործությունը, անճարակությունն ու անտարբերությունը երկրի ու ժողովրդի նկատմամբ։ Հակամարտության սկզբից քսան օր անց էլ դրա հետեւանքները շարունակում են ծանր ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա: Վրաստանի տարածքով Հայաստան տեղափոխվող բեռները, գրեթե ամբողջությամբ, դեռեւս գտնվում են ճանապարհին եւ որեւէ երաշխիք՝ դրանց տեղ հասնելու ժամկետների վերաբերյալ գոյություն չունի», - ասված է հայտարարությունում:

Հայ ազգային կոնգրեսը իշխանություններից պահանջում է անհապաղ իրականացնել հետեւյալ միջոցառումները. - «Վերացնել հեղուկ վառելիքի ներկրման մենաշնորհը եւ հնարավորություն տալ բոլոր ցանկացողներին զբաղվել այդ գործով, ստեղծել մեխանիզմներ, որոնք կկանխեն հեղուկ վառելիքի սակավության պայմաններում ապօրինի գնով դրա վաճառքը եւ գերշահույթների ստացումը, իսկ մինչեւ ճգնաժամի հաղթահարումը մտցնել բենզինի վաճառքի նորմավորում, հանձնարարել պատկան մարմիններին՝ ճգնաժամի ավարտից հետո ապահովել առաջին անհրաժեշտության ապրանքների առնվազն մի քանի ամսվա համար անհրաժեշտ պահուստներ` ապագայում հնարավոր ճգնաժամերից խուսափելու համար»։


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG