Մատչելիության հղումներ

Սեմնեբիի հայաստանյան հանդիպումներում քննարկվել են հիմնականում ներքաղաքական խնդիրներ


Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, ով ոչ պաշտոնական կարճատեւ այցով Երեւան է ժամանել Թբիլիսիից, երեկ հանդիպումներ է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի, որոշ հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Եվրամիության երեւանյան ներկայացուցչությունից, քննարկվել են հիմնականում ներքաղաքական հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներ:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հանդիպման մասին պատմեց հետեւյալը. - «Նրանց հետաքրքրում էր պարտավորությունների կատարման ընթացքը Հայաստանի կողմից, մասնավորապես` քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակման կոչին Հայաստանի Հանրապետության իշխանությունների արձագանքը: Քննարկման առարկա դարձան նաեւ այնպիսի հարցեր, ինչպիսիք են հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտի բարեփոխումները, բազմակարծության ապահովումը, նաեւ հանրահավաքի իրավունքի արտոնման խնդիրները»:

«Պատվիրակության անդամներին խիստ մտահոգում էր վերջին շրջանում լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունները, դրանց անպատիժ մնալը: Մասնավորապես բուռն քննարկման առարկա դարձան «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարի, «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի նկատմամբ կատարված բռնարարքները»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG