Մատչելիության հղումներ

Իրավապահները Հյուսիսային պողոտայում հանել են ցուցապաստառներն ու լուսանկարները


Այսօր առավոտյան` 10:30-ի սահմաններում ոստիկաններն ու նրանց հետ եկած մոտ երկու տասնյակ քաղաքացիական հագուստով անձինք Հյուսիսային պողոտայի այն հատվածից, որտեղ անցնում է ընդդիմադիրների նստացույցը, հանել են բոլոր ցուցապաստառներն ու լուսանկարները` պատճառաբանելով, թե «բողոքել է շենքի սեփականատերը»:

Իրականացված միջոցառման ականատես նստացուցավորներից մեկը` Ռուզան Կարապետյանը, «Ազատություն» ռադիոկայանին պատմեց. - «Օպերայի կողմից եւ ներքեւից եկան ոստիկաններ եւ քաղաքացիական հագուստով մարդիկ: Հարձակվեցին մեր վրա` պոկելով [ցուցապաստառները]»:

Նա հավելեց, որ ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով անձինք տարել են բոլոր ցուցապաստառները, «քաղբանտարկյալների» լուսանկարները:

Երբ նստացույցին մասնակցող մի երիտասարդ ցանկանում էր նորից պատին փակցնել իր մոտ մնացած պաստառը, Ազատության հրապարակի կողմից շուրջ մեկ տասնյակ ոստիկաններ մտան Հյուսիսային պողոտա` պահանջելով հանել ցուցապաստառը:

Այդ պահին հյուսիսային պողոտայում գտնվող Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեի անդամ Կարապետ Ռուբինյանը ոստիկաններից փորձեց պարզել, թե ո՞ւմ հրամանով է, որ չի թույլատրվում շենքի պատերին պաստառներ փակցնել: Պետրոսյան ազգանունով մի ոստիկան տեղեկացրեց, թե տվյալ շենքի սեփականատերն է բողոքել:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG