Մատչելիության հղումներ

Ամերիկյան զորքերը Իրաքից դուրս կբերվեն մինչեւ 2011 թվականը


Պաշտոնական Բաղդադի եւ Վաշինգտոնի միջեւ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել ամերիկյան զորքերը մինչեւ 2011 թվականը Իրաքից դուրս բերելու մասին:

Միաժամանակ, ինչպես «Ֆրանսպրես» գործակալությանը այսօր հայտնել է բանակցություններին մասնակցած իրաքյան պատվիրակության ղեկավար Մոհամեդ ալ-Հաջ Համուդը, կողմերի միջեւ համաձայնեցված 27-կետանոց փաստաթղթով նախատեսվում է ամերիկյան մարտական զորքերը Իրաքի քաղաքներից դուրս բերել մինչեւ 2009 թվականի հունիս:

Ըստ Համուդի` ԱՄՆ-ի նախագահը արդեն հավանություն է տվել համաձայնագրին, եւ այժմ այն ներկայացվելու է Իրաքի ղեկավարությանը:

«Բանակցողներն իրենց գործը արեցին: Այժմ հերթը ղեկավարներինն է», - հայտարարել է իրաքյան պատվիրակության ղեկավարը:

Ստորագրվելիք փաստաթղթի նպատակն է հստակեցնել Իրաքում տեղակայված ամերիկյան զորքերի ապագան, քանի որ նրանց ներկայիս` ՄԱԿ-ի կողմից տրված մանդատի ժամկետը այս տարվա դեկտեմբերին սպառվում է:

ԱՄՆ-ի նախագահը եւ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին անցած տարվա նոյեմբերին պայմանավորվել էին համապատասխան փաստաթուղթը ստորագրել մինչեւ 2008 թվականի հուլիսի 31-ը, սակայն դրա համաձայնեցումը ձգձգվում էր Իրաքի ղեկավար շրջանակներում այդ հարցի շուրջ առկա տարաձայնությունների պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG