Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հրապարակ»-ը գրում է. - «Երեկ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով Պետեկամուտների կոմիտեում, շատ խիստ գնահատականներ է տվել հարկայինի եւ նրա նախկին պետի` Վահրամ Բարսեղյանի գործունեությանը: Ստեփանակերտցի, նախկին բազեական Բարսեղյանը համարվում էր Ռոբերտ Քոչարյանի մարդը»: «Հայոց Աշխարհ»-ը մեջբերում է Սերժ Սարգսյանի խոսքերը. - «Չտեսա, որ Հարկային ծառայության ղեկավար կազմը գիտակցում է, թե որ համակարգում է աշխատում եւ ինչի համար: Չտեսա, որ նրանք աշխատանքի են ներկայանում պետությանն ու բիզնեսին ծառայություն մատուցելու համար: Չտեսա աշխատելու ցանկություն, ջանք, եռանդ: Հարկային ծառայությունն աշխատում է չափազանց վատ, վատ` մասնագիտորեն, վատ` մարդկային եւ բարոյական տեսանկյուններից: Եվ այդպիսի վիճակն այլեւս անհանդուրժելի է` ով էլ լինի»:

«Հայկական ժամանակ»-ն արձագանքում է. - «Եթե Սերժ Սարգսյանն ասում է, որ նա վատ է աշխատել, ապա պետք է վերացնի նրա վատ աշխատանքի հետեւանքները: Այսինքն` բանտերից ազատի ընդդիմադիր գործիչներին պատկանող ընկերությունների աշխատակիցներին, ովքեր բանտում են հայտնվել հենց հարկայինի պատճառով: Նրանցից ներողություն խնդրի, փոխհատուցի Վահրամ Բարսեղյանի վատ աշխատանքի շնորհիվ գործունեությունը որոշ ժամանակով դադարեցրած ձեռնարկությունների կրած վնասները, որոնց միակ թերությունը եղել է այն, որ դրանք պատկանում էին ընդդիմադիրներին»:

«Իրավունք»-ի գնահատմամբ` Հարկային ծառայության եւ Մաքսային կոմիտեի միավորումով Սերժ Սարգսյանը կարողացավ ըստ էության Ռոբերտ Քոչարյանի թողած կադրերի ազդեցությունից դուրս բերել նաեւ հարկահավաքության ոլորտը` դրանով գրեթե ավարտին հասցնելով ուժային կառույցները ամբողջովին նախագահական նստավայրի կողմից վերահսկելու գործընթացը»:

Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովում Դաշնակցությունը ներկայացնող Արծվիկ Մինասյանը «Հայք»-ի հարցազրույցում ասում է. - «Դեռեւս ապացուցման, լրացուցիչ հիմնավորման կարիք ունի հարցը, թե մարտի 1-ի առավոտյան իրականացված օպերացիան օրենքի ո՞ր հոդվածների համապատասխան է եղել, ի՞նչ է կոչվել, ի՞նչ պետք է արվեր հրապարակում, ի՞նչ է արվել, ի՞նչ չի արվել: Եվ այդ ամենի շրջանակներում որքանով են օրինաչափ եղել ոստիկանության գործողությունները… Այս պահի դրությամբ ներկայացված ապացույցները չեն փարատում կասկածները, որ նրանք գործել են իրավիճակին համաչափ»: Հարցազրույցում կարծիք հայտնելով, թե ճիշտ կլինի, որ հանձնաժողով հրավիրվեն Ռոբերտ Քոչարյանը եւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նա նշում է. - «Նրանց ներկայությունը, պարզաբանումները լուծում են ոչ այնքան հանձնաժողովին բավարարելու խնդիր, որքան հասարակությանը բավարարելու հարց: Դրանով նաեւ իրավապահ մարմիններին, այդ թվում նաեւ նախաքննական մարմնին հնարավորություն կտրվի կոնկրետ քայլեր կատարելու` մանավանդ սպանության հանգամանքները բացահայտելու ուղղությամբ: Ցավով պետք է արձանագրեմ, որ դեւռեւս լիարժեք չեն բացահայտվել սպանության հանգամանքները»:

«Կառավարությունը երեկվա իր նիստում հանձնարարել է ոստիկանության պետին եւ ազգային անվտանգության ծառայության տնօրենին սեպտեմբերի 1-11-ը իրականացնել ուժեղացված ծառայություն եւ միջոցներ ձեռնարկել հասարակական կարգի պահպանման ուղղությամբ: Կառավարությունը սա պայմանավորել է սեպտեմբերի 6-ին Երեւանում կայանալիք Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղով, որի համար Երեւան են ժամանելու թուրք ֆուտբոլասերներ: Իսկ Երեւանի քաղաքապետին հանձնարարվել է զանգվածային-հրապարակային միջոցառումների վերաբերյալ իրազեկումները քննարկելիս հաշվի առնել հասարակական կարգի առավել խիստ պահպանության անհրաժեշտությունը», - գրում է «Հայկական ժամանակ»-ը` ուշագրավ համարելով, որ սեպտեմբերի 5-ին տեղի է ունենալու Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը, եւ «սեպտեմբերի 6-ին կայանալիք խաղի համար ամբողջ 10 օր ուժեղացված ծառայությունը հնարավորություն կտա իշխանություններին հանրահավաքը արգելելու նոր հիմք մոգոնել: Սա է այդ ուժեղացված ծառայության ամբողջ իմաստն ու նպատակը»:

Անդրադառնալով տոնավաճառներում հաշվիչ դրամարկղային մեքենաների տեղադրման իշխանությունների նախաձեռնությանը` «Առավոտ»-ը նշում է. - «Անշուշտ, իշխանություններն այս ամենը, գոնե ըստ իրենց հավաստիացումների, անում են տնտեսության ստվերը նվազեցնելու համար: Սակայն պետք է նկատենք, որ նրանք այդպես էլ համառորեն չեն մոտենում իսկական ստվերին: Այն ստվերին, որը անհամեմատ ավելի մեծ է, եւ որի տեղը հրաշալի գիտեն բոլորը»:

«Իրավունք»-ին տված հարցազրույցում անդրադառնալով խորհրդարանի լուծարման վերաբերյալ քաղաքական որոշ ուժերի պահանջներին` Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբացության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասել է. - «Այն, որ խորհրդարանն իր բովանդակությամբ կարող էր եւ ավելի լավը լինել, ես այդ տեսակետը պաշտպանում եմ: Սակայն խոսել խորհրդարանի լուծարման եւ արտահերթ ընտրության մասին, դա եւս քաղաքական հիմնավորում չունի: Խորհրդարան լուծարելու եւ արտահերթ ընտրությունների գնալու համար, բացի Սահմանադրությամբ հստակ ամրագրված դեպքերից, «պահանջվում է» քաղաքական ճգնաժամ, ինչը չկա»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG