Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը եւ Լեհաստանը ստորագրեցին հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ պայմանագիրը


ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը եւ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին այսօր Վարշավայում ստորագրել են Լեհաստանում հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրերի տեղակայման վերաբերյալ պայմանագիրը:

Նախնական համաձայնագիրը երկու երկրների միջեւ ստորագրվել էր անցած շաբաթ:

Մեկեւկես տարվա բանակցությունների արդյունք հանդիսացող փաստաթղթի ուժի մեջ մտնելու համար պահանջվում է նաեւ Լեհաստանի խորհրդարանի վավերացումը:

Ստորագրման արարողությունից առաջ Քոնդոլիզա Ռայսը հայտարարել է, որ հակահրթիռային պաշտպանության ստեղծվող համակարգը «զուտ պաշտպանական» նշանակություն ունի: Նրա խոսքերով, այդ համակարգը «մեզ կօգնի դիմակայել 21-րդ դարի նոր սպառնալիքներին` Իրանի կամ Հյուսիսային Կորեայի պես երկրներից բխող` հեռահար հրթիռների վտանգին»:

Նախատեսվում է Լեհաստանում տեղակայել Patriot տիպի զենիթահրթիռային համալիրներ` 96 հրթիռներով: Ծրագրվում է նաեւ, որ մինչեւ 2012 թվականը երկրում կտեղակայվի ամերիկյան մշտական կայազոր` 110 զինծառայողներով:

Ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգի զարգացման ծրագրերը ներառում են Patriot տիպի 10 համալիրների տեղակայում Լեհաստանում եւ ռադարի տեղակայում Չեխիայում:

Ռուսաստանը ընդդիմանում է Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայելու ԱՄՆ-ի ծրագրերին` չնայած պաշտոնական Վաշինգտոնի հավաստիացումներին, որ այդ համակարգը ուղղված չի լինելու Ռուսաստանի դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG