Մատչելիության հղումներ

Մեթյու Բրայզա. «Տարածքային ամբողջականության սկզբունքը գերակա առաջնահերթություն է»


Միջազգային իրավունքում տարածքային ամբողջականության սկզբունքը գերակա առաջնահերթություն է: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան Վրաստանում տիրող իրավիճակի եւ Կովկասի վրա դրա ազդեցության թեմայով երեկ Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Հարցին, թե արդյոք Կոսովոյի անկախացումը նախադեպ չէ՞ Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների համար, Բրայզան պատասխանել է. - «Անշուշտ, մենք գիտենք, որ Ռուսաստանի կառավարությունում կան այնպիսիք, ովքեր ցանկանում էին դա` որ Կոսովոն նախադեպ լինի Աբխազիայում եւ Հարավային Օսիայում տեղի ունեցած համար: Իրավականորեն` դրա համար բացարձակապես հիմք չկա»:

«Միջազգային իրավունքում տարածքային ամբողջականության սկզբունքը, եւ ես դա որեւէ հայ բարեկամի ասում եմ զգուշորեն, տարածքային ամբողջականության սկզբունքը գերակա առաջնահերթություն ունի, երբ մենք սկսում ենք հակամարտության կարգավորման գործընթաց` անջատողական հակամարտության կարգավորման: Դա պարզապես միջազգային իրավունքի փաստ է: Տարածքային ամբողջականությունը միջազգային իրավական սկզբունք է», - հայտարարել է ամերիկացի դիվանագետը` հավելելով. - «Որոշ հակամարտությունների դեպքում մենք ասում ենք` եթե երկու կողմերը որոշեն, որ կարող են փոխզիջման գալ, որը ընդգրկի միջազգային դիվանագիտական պրակտիկայի կամ միջազգային իրավունքի այլ տարրեր, ինչպես` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, հրաշալի է: Դա ենք մենք ցանկանում անել Ղարաբաղի դեպքում` բանակցությունների միջոցով հասնել քաղաքական փոխզիջման, որը հաշվի կառնի այդ երկու սկզբունքն էլ»:

Կոսովոյի դեպքում, Բրայզայի պնդմամբ, գործի է դրվում միջազգային իրավունքի կամ միջազգային իրավական պրակտիկայի մեկ այլ սկզբունք, այն է` «եթե առկա է լուրջ հումանիտար ճգնաժամ, տարածքային ամբողջականության գերակայությունը առկախվում է, եւ միջազգային հանրությունը իրավունք է ունենում առաջարկել կամ փնտրել այդ հակամարտության կարգավորման մեխանիզմներ». - «Դա է, որ տեղի ունեցավ Կոսովոյում, եւ դա է, որ մեզ հանգեցրեց Անվտանգության խորհրդի թիվ 1244 բանաձեւին, որը միջազգային հանրությանը հնարավորություն տվեց [Ֆինլանդիայի] նախկին նախագահ [Մարտի] Ահտիսաարիի հետ համատեղ աշխատել նրա ծրագրի վրա»:

«Այսպիսով, սրանք բացարձապես տարբեր իրավիճակներ են` հիմնված միջազգային իրավական պրակտիկայի վրա: Եվ ես, մենք չենք գտնում, թե Կոսովոն նախադեպային բնույթ ունի: Այն եզակի է», - ամփոփել է Մեթյու Բրայզան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG