Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի խմբագիրը «Վերադառնում են փառքով» վերնագրի ներքո գրում է. - «Պեկինի Օլիմպիադայում հայաստանցի մարզիկների փայլուն ելույթների մասին կարծես թե շատ չի գրվում եւ խոսվում: Չգիտեմ, գուցե այստեղ էլ դեր ունեն ինչ-ինչ քաղաքական հաշվարկներ, կամ գուցե պարզապես որեւէ լավ բանի մասին խոսելը մեզանում ընդունված չէ: Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ 5 բրոնզե մեդալները Հայաստանի համար աննախադեպ հաղթանակ են: 200-ից ավելի երկրների շարքում հայտնվել, ասենք, 40-րդ տեղում` Հայաստանի համար անվերապահ հաջողություն է»:

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը «168 ժամ»-ին տված ծավալուն հարցազրույցում, անդրադառնալով «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի հանդեպ բռնություն կատարելու փաստին, որում որպես պատվիրատու շրջանառվում է նաեւ իր անունը, ասում է. - «Այդ հարցին չեմ էլ ցանկանում անդրադառնալ, որովհետեւ նույնիսկ աբսուրդը ինչ-որ գոնե տարրական տրամաբանության պետք է ենթարկվի: Այնուամենայնիվ, ինձ համար անընդունելի եւ դատապարտելի է առհասարակ մամուլի, լրագրողների հանդեպ որեւէ ճնշում, որեւէ բռնություն»: Հարցին, թե իրեն չի վիրավորում, որ մամուլում բավականին հաճախ շրջանառվում է իր մականունը, Աբրահամյանը արձագանքում է. - «Գիտեք, ես ավելորդ բարդույթներ չունեմ, եւ եթե որոշ լրատվամիջոցներ «Մուկ» գրելիս հատուկ հաճույք են ստանում, ապա թող շարունակեն վայելել այդ հաճույքը: Ինձ դա բնավ չի հուզում, եւ եթե հաշվարկը ինձ վիրավորելը կամ զայրացնելն է, ապա հաստատ սխալ հաշվարկ է: Ի դեպ, ես որեւէ դատապարտելի բան չեմ տեսնում, որ մարդ մականուն ունենա: Ավելի լավ է մանկական մականուն ունենալ, քան, որոշ լրատվամիջոցների հովանավորների եւ տերերի նման, գործակալական կեղծանուն: Իսկ այդ մականունի պատմությունը դեռ մանկությունից է գալիս: Հիշում եմ, մի անգամ մայրս Նոր տարվա համար կոնֆետներ էր պահել, որ դնի տոնական սեղանին, ու երբ բերեցին, պարզվեց, որ կոնֆետների կեսը չկա: Տատս, իհարկե, հասկացավ, որ ես եմ կերել, ու կատակով ասաց, որ երեւի տանը մուկ կա: Այդպես էլ ահա այդ մանկական մականունը` Մուկը, տատիս ձեռամբ կպցրեցին ինձ»: Իր հոբբիին վերաբերող հարցին նախագահի աշխատակազմի ղեկավարը պատասխանում է. - «Իհարկե, երբ լինում եմ որեւէ երկրում, ապա ինչքան էլ օրը ծանրաբեռնված լինի, աշխատում եմ ժամանակ գտնել եկեղեցի եւ պատկերասրահ մտնելու համար: Շատ եմ սիրում իտալական Վերածնունդը եւ ամեն անգամ Հռոմում լինելիս ուղղակի հաճույք եմ ստանում այդ մշակույթի հետ շփումից»:

«Գոլոս Արմենիի»-ին, մինչդեռ, վերլուծում է Հովիկ Աբրահամյանի` Ազգային ժողովի նախագահ դառնալու հնարավորությունները. - «Չի բացառվում, որ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը արդյունքում թույլ կտա իրեն համոզել եւ կփոխի խոսնակի աթոռը որեւէ եվրոպական երկրում դեսպանի պաշտոնի հետ: Չի բացառվում նաեւ, որ Ազգային ժողովի խոսնակը մերժի բոլոր առաջարկները եւ նախընտրի մնալ իր տեղում, իսկ կոալիցիայի` նրան հեռացնելու փորձերը բերեն բաց հակամարտության: Հովիկ Աբրահամյանը եւ Ազգային ժողովում նրա կողմնակիցները անդրկուլիսաին ինտրիգների մեծ վարպետներ են, բայց արդյոք նրանք կգնան բաց առճակատման Թորոսյանի հետ, կախված կլինի երկրի առաջին դեմքի կամքից»:

Նույն թեմայի շուրջ «Հրապարակ»-ը գրում է. - «Ոմանց զարմանք է պատճառում Տիգրան Թորոսյանի «դուխը», որ նա հրապարակավ հրաժարվում է Ազգային ժողովի նախագահի պաշտոնը վայր դնելուց եւ հայտարարում է, որ Հովիկ Աբրահամյանի խորհրդարանի նախագահ դարձնելու եւ իրեն պաշտոնաթող անելու ծրագիր գոյություն չունի»: Թերթի տեղեկություններով, «այդ «դուխը» նրա սեփականը չէ, եւ ստացել է Սերժ Սարգսյանից, որը, հասկանալով իր դեմ նյութվող դավադրությունը, Տիգրան Թորոսյանին ասել է` դիմում չգրես, ես քո մեջքին կանգնած եմ»:

Նույն «Հրապարակ»-ը խմբագրականում գրում է, որ թերթը երեկվանից ճնշումների թիրախ է դարձել. - «Եթե քաղաքակիրթ աշխարհում մարդիկ նորմալ են ընդունում թերթի ու լրագրողի ազատ արտահայտվելու իրավունքը, հարգում են դա եւ աշխատում են չխանգարել նրա աշխատանքին, Հայաստանում հակառակն է: Թերթին խանգարելը, դրա աշխատանքը խանգարելը մոդայիկ է դառնում: Ավելին, իրեն գրագետ, ժամանակակից մարդ համարող քաղաքական գործիչը կարող է Ստալինի տարիներին բնորոշ գրաքննիչի դեր ստանձնել, բռնություն գործադրել թերթի ու լրագրողների նկատմամբ, փորձել լռեցնել ազատ խոսքը: Երեկվանից «Հրապարակ»-ը ճնշումների թիրախ է դարձել, մեզ փորձում են լռեցնել: Առայժմ ձեռնպահ ենք մնում անուններ ու մանրամասներ հրապարակելուց, բայց մոտ ապագայում, թերեւս, ստիպված կլինենք դա անել: Մեր ձեռքի տակ հավաքվող փաստերի առաջիկա հրապարակումը ցանկացած քաղաքական գործչի կարիերայի համար կարող է ճակատագրական լինել»:

«Այժմ կարելի է խոսել միայն կապիտուլյացիայի պայմանների մասին» վերնագրի ներքո «Հայոց Աշխարհ»-ը անդրադառնում ընդդիմության եւ իշխանության երկխոսության խնդրին. - «Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդունակ չէ երկխոսության, չի ուզում… մի՞թե դժվար է դա հասկանալ: Եվ հետո, ի՞նչ ասել է երկխոսություն: Երկխոսություն վարում են հակառակորդի հետ ռազմական գործողություններ սկսելուց առաջ: Այդպես է եղել բոլոր ժամանակներում ու ամենուր: Արմատականների հետ երկխոսությունը իմաստ ուներ մինչեւ մարտի 1-ը, եւ այն, ինչպես հայտնի է, մերժվեց: Եթե հիմա խոսես հետները, ապա` միայն կապիտուլյացիայի պայմանների մասին: Բայց դա, կներեք, արդեն երկխոսություն չէ»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG