Մատչելիության հղումներ

Արման Բաբաջանյանը դադարեցրել է հացադուլը


«Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, ով օգոստոսի 11-ին անժամկետ հացադուլ էի հայտարարել` պահանջելով զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպում բացահայտումներ անելու համար, երեկ դադարեցրել է հացադուլը:

«Անսալով օտարության մեջ գտնվող մորս եւ քաղբանտարկյալ ընկերներիս բազմաթիվ հորդորների, ինչպես նաեւ հաշվի առնելով առողջական ծայրահեղ կացությանս, այսօրվանից դադարեցնում եմ 5 օր առաջ հայտարարված հացադուլը», - ասված է Բաբաջանյանի հայտարարության մեջ, որը տարածել է Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը:

«Վերջին օրերի առիթով ինձ արված բանավոր երաշխիքները բավարար չհամարելով, զգուշացնում եմ, որ բողոքի հաջորդ գործողությունները լինելու են ավելի ծայրահեղ եւ մասսայական: Այս պահին նպատակահարմարությունից ելնելով ձեռնպահ եմ մնում բացահայտել իշխանության ամենաթող հայացքի ներքո, մի կողմից աննկարագրելի չափերի հասնող կաշառակերության, մյուս կողմից ռեժիմին ծառայող քրեական տարրերի իրենց քստմնելի եւ անբարո նպատակներն իրականացնող ոչ միայն պատվերն իրագործելու պատրաստակամությունը ստանձնած հիմնարկների, այլեւ անձանց անունները որոնք հիմնավոր փաստերով իմ տրամադրության տակ են», - ասված է հայտարարությունում:

Բաբաջանյանը 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար, եւ վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով նրա երեք դիմումները մերժվել են:

«Ժամանակ Երեւան» թերթի խմբագրին վաղաժամկետ ազատ արձակելու կոչով Հայաստանի իշխանություններին են դիմել տեղական եւ միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում` Human Rights Watch-ը, «Լրագրողների պաշտպանության կոմիտեն», հայաստանյան հասարակական եւ քաղաքական կազմակերպություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG