Մատչելիության հղումներ

Հետընտրական իրադարձությունների կապակցությամբ ազատազրկման է դատապարտվել 33 անձ, կալանքի տակ է 12-ը


Օգոստոսի 14-ի դրությամբ, հետընտրական իրադարձությունների կապակցությամբ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող գործի շրջանակներում նախնական կալանքի տակ է գտնվում 12 մեղադրյալ, եւս 9 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանավորման հետ կապ չունեցող այլ խափանման միջոց:

Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն` դատարան է ուղարկվել 84 քրեական գործ՝ 97 անձի վերաբերյալ, որոնցից 67-ով՝ 77 անձի վերաբերյալ, դատաքննությունն ավարտվել է, մնացած գործերով դատաքննությունը շարունակվում է:

Նշված 77 անձանցից 5-ը արդարացվել են, մեկ անձի վերաբերյալ քրեական գործը կարճվել է, 5 անձի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանք, 33 անձ դատապարտվել է ազատազրկման, եւս 33-ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել է փորձաշրջան:

Գործի շրջանակներում ավարտվել է կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի մասով նախաքննությունը, եւ նրա վերաբերյալ քրեական գործը ուղարկվել է Երեւանի քրեական դատարան:

Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին եւ երկրորդ մասով՝ ոստիկանության երկու աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար, եւ 235 հոդվածի չորրորդ մասով՝ ապօրինի կերպով սառը զենք պահելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG