Մատչելիության հղումներ

Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը


Նախագահ Սերժ Սարգսյանը, ով երեկ երեկոյան վերադարձել է Հայաստան, այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է վերջին օրերին տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

Նախագահի մամլո գրասենյակի տեղեկացմամբ, նիստում զեկույցներով հանդես են եկել Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը:

Նախագահը «ողջունել առկա կառուցողական դիրքորոշումները, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը»:

Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս շեշտել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակիցն է, իսկ Վրաստանը` բարեկամ երկիր, հետեւաբար, Հայաստանը մեծապես շահագրգռված է խնդրի շուտափույթ խաղաղ կարգավորմամբ:

Նախագահը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության` «մարդասիրական միջանցք» հանդիսանալու պատրաստակամությունը եւ շեշտել, որ մեր երկիրը նաեւ ինքն է պատրաստ կողմերին մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու:

Նիստում քննության են առնվել ստեղծված իրավիճակում մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները, անդրադարձ է կատարվել Հայաստան ներկրվող բեռների ամբողջ ծավալով եւ անխափան մատակարարման խնդիրներին, զեկուցվել են տարբեր ուղղություններով տարվող աշխատանքների ընթացքի մասին:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված` Սերժ Սարգսյանը հանձնարարել է Եվրամիության անդամ երկրների քաղաքացիների տարանցիկ ուղեւորությունների համար ժամանակավորապես սահմանել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG