Մատչելիության հղումներ

Քոնդոլիզա Ռայսը ժամանեց Ֆրանսիա


Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը ժամանել է Ֆրանսիա` նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ ռուս - վրացական հակամարտությունը քննարկելու նպատակով:

Այցից առաջ պետքարտուղարը եւս մեկ անգամ կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողությունները Վրաստանի տարածքում եւ պահպանել խնդրի կարգավորման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները: «Հակառակ դեպքում, Ռուսաստանին սպառնում է մեկուսացում միջազգային ոլորտում», - զգուշացրել է Ռայսը:

Եվրամիությունում նախագահող երկրի` Ֆրանսիայի ղեկավարի հետ բանակցություններից հետո Միացյալ Նահանգների պետքարտուղարը ծրագրում է մեկնել Վրաստան: Նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը հայտարարել էր, թե այս ուղեւորությունը նպատակ ունի ի ցույց դնել Վաշինգտոնի միանշանակ աջակցությունը Վրաստանին:

Մինչ այդ, այսօր Թբիլիսի են ժամանել մարդասիրական օգնությամբ բեռնված առաջին ամերիկյան օդանավերը:

Ջորջ Բուշը երեկ Սպիտակ տանը իր ելույթում նշել էր, որ Միացյալ Նահանգները ծրագրում է վճռական եւ շարունակական օժանդակություն տրամադրել Վրաստանին, ինչին մասնակցելու են ինչպես ռազմաօդային, այնպես էլ ռազմածովային ուժերը:

«Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կհետեւի իր պարտավորություններին եւ խոչընդոտներ չի հարուցի Վրաստանին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը եւ պահանջել «բաց պահել բոլոր տրանսպորտային ուղիները, այդ թվում նավահանգիստներն ու օդանավակայանները»:

Ռուսաստանն արդեն հանդես է եկել պատասխան հայտարարությամբ: «Վրաստանի ներկայիս իշխանությունը Միացյալ Նահանգների հատուկ նախագիծն է, այդ իսկ պատճառով Նահանգներն այդքան մտահոգվում է նրա ճակատագրով», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Lավրովը եւ ընդգծել. - «Սակայն կարծես թե Միացյալ Նահանգները պետք է ընտրություն կատարի վիրտուալ նախագծի հեղինակության եւ իրական գործընկերության միջեւ»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG