Մատչելիության հղումներ

Հակոբ Հաջի-Հակոբյան. «Հայաստանցիների տեղափոխման հետ կապված խնդիրներ չեն եղել»


Անցած գիշերը Աջարիայում «համեմատաբար հանգիստ է եղել», «հայաստանցիների տեղափոխման հետ կապված խնդիրներ չեն եղել»: Բաթումիում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հակոբ Հաջի-Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հավելեց նաեւ, որ «ընդհանուր առմամբ, Աջարիայում մնացել է մի քանի հարյուր հայաստանցի»:

«Աջարիայում արդեն երեւի խոսքը մի 3-4 հարյուր հոգու մասին է», - ասաց նա:

Նա հաստատեց, որ Բաթումիից եւ Կոբուլետիից վրացական ավտոբուսներն ու միկրոավտոբուսները հայաստանցի զբոսաշրջիկներին Բավրայի անցակետ հասցնելու համար վերցնում են 50 լարի (շուրջ 12 հազար դրամ), ինչը, Հաջի-Հակոբյանի խոսքով` «բավական լավ գին է»:

«Ինչ վերաբերում է Բավրայի անցակետից մինչեւ Երեւան տեղափոխմանը անվճար, ես վերջին անգամ երեկ երեկոյան եմ խոսել Հայաստանի տրանսպորտի նախարարի հետ: Ճշտվել է` կան մեքենաներ... Պահի տակ կարող է 15-20 րոպե միջանցք լինել, որ մեքենա չլինի: Բայց մեքենա կա, նախարարը հետեւում է դրան: Ես ինքս մաքսատան պետի հետ կապի մեջ եմ»:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` օգոստոսի 12-ի ժամը 22:00-ից մինչեւ օգոստոսի 13-ը ժամը 15:00-ի դրությամբ Վրաստանից հայրենիք են վերադարձել եւս 1520 Հայաստանի քաղաքացիներ:

Նշված ժամանակահատվածում Վրաստանից Հայաստան են մուտք գործել նաեւ օտարերկրյա պետությունների 695 քաղաքացիներ:

Այսօրվա ժամը 15:00-ի դրությամբ, Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքում Հայաստանի քաղաքացիներ չեն տուժել:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG