Մատչելիության հղումներ

Արտգործնախարարությունը Հայաստանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս չայցելել Վրաստան


Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը երեկոյան հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Վրաստան այցելություններից:

Արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվա ժամը 17:00-ի դրությամբ, Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքում Հայաստանի քաղաքացիներ չեն տուժել: Այսօր Բաթումիում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը կազմակերպել է Հայաստանի 240 քաղաքացիների վերադարձը հայրենիք: Ավտոշարասյունը ուղեկցվում է Վրաստանի ոստիկանության կողմից:

«Հայաստանի արտգործնախարարությունը իր խորին ցավն է արտահայտում Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Ինչպես Բաթումիից տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը, քաղաքում մթնոլորտը բավական լարված է, մտավախություն կա, որ Բաթումին նույնպես կարող է ռմբակոծվել` հաշվի առնելով, որ հարակից շրջանները եւ քաղաքները ռմբակոծության են ենթարկվել: Ե’վ տեղի բնակիչները, ե’ւ հանգստացողները, այդ թվում` հայաստանցիները, փորձում են հնարավոր բոլոր միջոցներով դուրս գալ քաղաքից:

Հայաստանի հյուպատոսության շենքի առջեւ են հավաքվել Բաթումի հանգստանալու եկած հայաստանցիները, եւ հյուպատոսությունը այսօր առավոտվանից սկսած մարդկանց միկրոավտոբուսներովուղարկում է Հայաստան:

Հյուպատոսի օգնական Լեւոն Ստեփանյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ հյուպատոսությունը աշխատելու է շուրջօրյա:

Հյուպատոսությունը կոնկրետ տեղեկություններ չունի Բաթումիում հանգստացող հայաստանցիների թվի վերաբերյալ, սակայն հյուպատոսի օգնականն ասաց, որ նրանք բավական շատ են:

Աջարիայի հայերի միության մամուլի խոսնակ Արթուր Հովհաննիսյանը դժվարացավ «Ազատություն» ռադիոկայանին հայտնել Հայաստան ուղեւորվածների հստակ քանակը: Նա նշեց միայն, որ հայաստանցի զբոսաշրջիկների մեկնելու ճանապարհը հստակեցված է` Բաթումիից եւ Քոբուլեթիից մեկնում են Քութաիսիով եւ Խաշուրիով, ապա Բորժոմիով ու Ախալցխայով մտնում Հայաստան. - «Այդ ճանապարհը գործում է նորմալ, կայուն, անվտանգ ճանապարհ է, եւ վրացական կողմը մի քանի անգամ նույնպես շեշտել է, որ եթե անգամ երթեւեկությունը Արեւմտյան Վրաստանում սահմանափակ է մի փոքր, հայ զբոսաշրջիկների համար ոչ մի խնդիր չկա»:

Հովհաննիսյանը վստահեցրեց նաեւ, որ վիճակը Աջարիայում կայուն է, շատ զբոսաշրջիկներ անգամ ցանկանում են շարունակել մնալ եւ հանգստանալ Բաթումիում. - «Բայց, հիմնականում, մեծ մասամբ, պետք է ասեմ, որ խուճապի են մատնվել, որովհետեւ չգիտեն, թե ինչպես է զարգանալու իրավիճակը հետագայում»:

«Բաթումիում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը ամեն ինչ անում է վիճակը հստակեցնելու համար, օգնում է մեր հայրենակիցներին, Աջարիայի հայ համայնքը նույնպես համատեղ փորձում է ամեն ինչ անել, որ մեր հայրենակիցները նորմալ, ապահով վերադառնան Հայաստան», - ասաց Արթուր Հովհաննիսյանը:

«Մեր տվյալներով` 35-40 հազար մեր հայրենակիցներ անցյալ տարի եղել են Աջարիայում», - ասաց նա` նշելով, որ այս տարի հանգստացող հայաստանցիների թիվը անցած տարվա համեմատ բավական քիչ է. - «Հայերի հիմնական քանակը մենք սպասում էինք, ինչպես միշտ, օգոստոսի 10-ից հետո, բայց հիմա, այս հայտնի իրադարձություններից հետո, պարզ է, որ շատ-շատերը արդեն կխուսափեն եւ չեն գա հանգստանալու Աջարիա»:

Աջարիայի հայ համայնքի շրջանում տրամադրությունների առնչությամբ Արթուր Հովհաննիսյանն ընդգծեց. - «Լինելով Վրաստանի պետության լիարժեք քաղաքացիներ` մենք մեզ այստեղ լավ ենք զգում եւ ոչ մի ցանկություն չունենք մեկնել: Ճիշտ է, մարդիկ մի քիչ հուզվում են, վիճակը բավական լարված է, բայց գաղթելու, որեւէ տեղ գնալու տրամադրություն Բաթումիի, Աջարիայի հայության մեջ չկա: Սա հստակ է: Հայ համայնքին ոչ մի սպառնալիք չկա այստեղ»:

Բաթումիում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հակոբ Հաջի-Հակոբյանը եւս «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում վկայեց, որ իրավիճակը քաղաքում հանգիստ է, սակայն հավելեց, որ «եթե մտավախությունը կա արդեն, [հայաստանցիները] թող մեկնեն Հայաստան». - «Այստեղի բնակիչներն էլ մտավախություն ունեն` մեծ քանակով Բաթումիի քաղաքացիներ կան, որ մեկնել են գյուղեր, իրենց հաշվարկներով` ավելի խաղաղ վայրեր»:

Հյուպատոսը հաստատեց Փոթիի ռմբակոծության վերաբերյալ տեղեկատվությունը. - «Այո, ճիշտ է, այսօր գիշերը ռմբակոծվել է Փոթիի նավահանգիստը: Կոնկրետ ռմբակոծության, կրակահերթերի մասին տեղեկատվություն չեմ կարող տալ: Ինքս գիշերը ժամը 3-ի դրությամբ եղել եմ Փոթիի առաջին հիվանդանոցում, որտեղ բերվում են վիրավորները` հիմնականում Վրաստանի զինվորներ են, ներքին գործերի աշխատակիցներ»:

Նրա վկայությամբ` ռմբակոծությունից հետո Փոթիի նավահանգիստը չի գործում. - «Անմիջապես սկսել են վերացնել հետեւանքները, կարծում եմ` դա մի փոքր ժամանակ կխլի, բոլոր դեպքերում»:


Ռուզաննա Ստեփանյան, Բաթումի, եւ Ռուբեն Մելոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG