Մատչելիության հղումներ

Դմիտրի Մեդվեդեւ. «Ռուսաստանը կպաշտպանի իր քաղաքացիներին Հարավային Օսիայում»


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երկրի Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում հայտարարել է Հարավային Օսիայում Ռուսաստանի քաղաքացիներին պաշտպանելու` պաշտոնական Մոսկվայի մտադրության մասին:

«Համաձայն Սահմանադրության եւ դաշնային օրենսդրության, որպես Ռուսաստանի նախագահ` ես պարտավոր եմ պաշտպանել Ռուսաստանի քաղաքացիների կյանքը եւ արժանապատվությունը, որտեղ էլ նրանք գտնվեն: Մեր ձեռնարկելիք քայլերի տրամաբանությունը թելադրված է այդ հանգամանքներով», - ասել է Մեդվեդեւը:

«Թույլ չենք տա մեր հայրենակիցների անպատիժ սպանություն, մեղավորները արժանի պատիժ կկրեն», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` վստահեցրել է Ռուսաստանի նախագահը:

Վրաստանի գործողությունները նա որակել է միջազգային իրավունքի կոպտագույն խախտում, խաղաղապահների եւ խաղաղ բնակիչների դեմ ագրեսիայի ակտ. - «Վրացական կողմի գործողությունները հանգեցրեցին մարդկային զոհերի, այդ թվում` ռուսաստանցի խաղաղապահների շրջանում: Բանը հասել է այնտեղ, որ խաղաղապահները վրացական կողմից կրակել են ռուսաստանցի խաղաղապահների վրա, որոնց հետ պարտավոր էին իրականացնել տարածաշրջանում խաղաղություն պահպանելու իրենց առաքելությունը: Այժմ Հարավային Օսիայում զոհվում են խաղաղ բնակիչներ` կանայք, երեխաներ, ծերունիներ, եւ նրանց մեծամասնությունը Ռուսաստանի քաղաքացիներ են»:

Մեդվեդեւի պնդմամբ, Վրաստանի տարածքում Ռուսաստանի ներկայությունը օրինական է. - «Ռուսաստանը ներկա է եղել եւ ներկա է Վրաստանի տարածքում բացարձակ օրինական հիմքերով` իրականացնելով խաղաղապահ առաքելություն համաձայն ձեռք բերված միջազգային պայմանավորվածությունների»:

«Մենք մեր հիմնական խնդիրն ենք համարել եւ համարում խաղաղության պահպանումը: Ռուսաստանը պատմականորեն եղել եւ մնում է Կովկասի ժողովուրդների անվտանգության երաշխավորը», - հայտարարել է Դմիտրի Մեդվեդեւը:

Ավելի ուշ Հարավային Օսիայի իշխանությունները հաղորդել են, որ ռուսաստանյան զրահատեխնիկայի շարասյունը մտնում է Ցխինվալի, եւ օս կամավորականները ոչնչացրել են վրացական զրահատեխնիկայի մի քանի միավոր: Ըստ նույն աղբյուրի, կամավորականներին հաջողվում է վրացական ուժերին ետ մղել քաղաքի հյուսիսային մասից դեպի հարավային մասը:

Միաժամանակ, Հարավային Օսիայի տեղեկատվության եւ մամուլի պետական կոմիտեն հայտնել է, որ վրացական օդուժը ռմբակոծում է Ցխինվալին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG