Մատչելիության հղումներ

Ամերիկացի կոնգրեսականը դուրս է հրավիրել հայազգի լրագրողին


ԱՄՆ-ի Կոնգրեսում Թենեսի նահանգը ներկայացնող դեմոկրատ Սթիվ Քոհենը երեկ մամուլի ասուլիսից դուրս է հրավիրել ամերիկահայ լրագրող Փիթեր Մուսուրլյանին, որը նրան վրդովեցրել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին ընդդիմանալու պատճառներին վերաբերող հարցերով:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ, Մուսուրլյանը Մեմֆիս էր ժամանել` Լոս Անջելեսի «Հորիզոն» հեռուստաընկերության համար լուսաբանելու օգոստոսի 7-ին այստեղ անցկացվելիք նախնական ընտրությունների քարոզարշավը: Դեմոկրատական կուսակցությունից օրենսդիր մարմնում առաջադրվելու համար կոնգրեսական Քոհենի հետ պայքարում է նախկին իրավապաշտպան Նիքի Թինքերը:

Սթիվ Քոհենը այս շաբաթ ավելի վաղ մերժել էր հարցազրույցի խնդրանքով հայազգի լրագրողի դիմումները, եւ Մուսուրլյանը կոնգրեսականի հետ զրուցելու հնարավորություններ էր փնտրում նախընտրական հրապարակային միջոցառումների ընթացքում: Երբ, ի վերջո, նա փորձել է մասնակցել Քոհենի նստավայրում կայացած ասուլիսին եւ հարցեր ուղղել կոնգրեսականին, վերջինս լրագրողին բռնի կերպով դուրս է հանել ասուլիսի սենյակից եւ, Հայ դատի գրասենյակի վկայությամբ, նույնիսկ շրխկացրել դուռը նրա առջեւ: Ըստ նույն աղբյուրի` Սթիվ Քոհենը նաեւ անվայելուչ է արտահայտվել Մուսուրլյանի հայկական ծագման առնչությամբ եւ հպարտացել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին իր ընդդիմությամբ:

Քոհենը այն փոքրաթիվ դեմոկրատ կոնգրեսականներից է, ովքեր անցած տարվա հոկտեմբերին հանդես էին գալիս Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւի ընդունման դեմ: Իր այդ դիրքորոշումը ներկայացնելու նպատակով նա Կոնգրեսի շենքում ասուլիս էր հրավիրել:

Թիվ 106 բանաձեւի նախագիծը հավանության է արժանացել Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից, սակայն Պալատի լիագումար նիստին մինչ օրս չի ներկայացվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG