Մատչելիության հղումներ

Թուրք իրավապահները դեռ չեն հստակեցնում Բաքու - Ջեյհան խողովակաշարում պայթյունի պատճառը


Թուրք իրավապահները դեռ չեն հստակեցնում, թե որն էր Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղի թուրքական հատվածում տեղի ունեցած պայթյունի պատճառը: Ըստ տեղական աղբյուրների` քննիչները չեն բացառում ոչ ահաբեկչական հարձակման եւ ոչ էլ տեխնիկական անսարքության վարկածները: Թուրքական «Ջիհան» լրատվական գործակալության վկայությամբ` պայթյունի համար պատասխանատվությունը ստանձնել է Քրդական աշխատավորական կուսակցությունը:

British Petroleum-Azerbaijan նավթային ընկերության խոսնակ Թամամ Բայաթլին երեկ օրվա երկրորդ կեսին լրագրողներին որոշ մանրամասներ է հաղորդել միջադեպի մասին. - «Հրդեհը բռնկվել էր Արեւելյան Թուրքիայում գտնվող պոմպակայաններից մեկում: Տեղի է ունեցել նավթամուղի շահագործման ավտոմատ դադարեցում: Խողովակաշարի թուրքական հատվածի օպերատորը` BOTAS ընկերությունը տեղեկացրել է, որ վիրավորներ չկան»:

Նավթային ընկերության ներկայացուցիչը նաեւ նշել է, որ թեեւ կասպիական նավթի մատակարարումը դեպի Միջերկրական ծով ընդհատվել է անորոշ ժամկետով, «Ազերի», «Գյունեշլի» եւ «Չիրաղ» նավթահորերից վառելիքի արդյունահանումը չի դադարեցվել. - «Մենք կամ պահեստավորում ենք այդ նավթը Ապշերոնի թերակզում գտնվող տերմինալներում, կամ էլ միջազգային շուկա ենք ուղարկում շրջանցիկ ճանապարհով»:

Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղի թուրքական հատվածում պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի լույսի 6-ի գիշերը: Էրզինջան - Սիվաս ճանապարհի 52-րդ կիլոմետրին` Էրզինջան գավառի Ռեֆահիյա ավանի մոտով անցնող ստորգետնյա խողովակաշարում պայթյունին հաջորդել է ուժեղ հրդեհ` բոցը տարածվել է մինչեւ 50 մետր շառավղով: Հրդեհը տեղայնացվել է, սակայն վթարի հետեւանքները դեռեւս վերացված չեն, եւ նավթի մատակարարումը խողովակաշարով ժամանակավորապես դադարեցված է:

Բաքու - Թբիլիսի - Ջեյհան խողովակաշարը օրական մեկ միլիոն բարել նավթ է մատակարարում միջազգային շուկա: Դա նավթի համաշխարհային շրջանառության մոտ մեկ տոկոսն է կազմում:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG