Մատչելիության հղումներ

Գրեթե 15 տոկոսով աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները


Այս տարվա առաջին կիսամյակում մարդու դեմ ուղղված հանցագործությունները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ավելացել են 14,7 տոկոսով (64 դեպքով):

Ընդ որում, աճել են սպանության, դիտավորությամբ առողջությանը վնաս հասցնելու հետ կապված հանցագործությունները, բռնաբարության եւ բռնաբարության փորձերի դեպքերը:

Զուգահեռաբար նվազել է նաեւ նման հանցագործությունների բացահայտման ցուցանիշը. եթե նախորդ տարվա առաջին 6 ամիսներին նման հանցագործությունների 87,7 տոկոսը բացահայտվել էին, ապա այս տարի` միայն 84,3 տոկոսը:

Այս թվերը հրապարակվեցին այսօր Հայաստանի գլխավոր դատախազության կոլեգիային ընդլայնված նիստում:

Աննշան քննադատության ենթարկվեցին համակարգի որոշ բնավառներում տարվող աշխատանքները:

«Հանցագործությունների բացահայտման վիճակը շատ վատ է», - հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: - «Հատկապես` գույքային հանցագործությունների, հատկապես` գողությունների: Սրա մեջ լուրջ թերացումներ ունեն նախաքննություն իրականացնող մարմինները եւ դատախազները: Տեղերում խորհրդակցությունների ժամանակ ես համոզվեցի, որ համագործակցված աշխատանք չի տարվում հանցագործությունների բացահայտման ուղղությամբ»:

Բանակում ես հանցագործությունների աճ է գրանցվել: Զինդատախազ Արմեն Խաչատուրյանը փաստեց, որ «պատահարները աճել են 246-ով, հանցագործությունները` 66-ով»:

Եթե 2007-ի առաջին կիսամյակում բանակում արձանագրվել է 43 ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություն, ապա 2008-ի նույն ժամանակահատվածում դրանց թիվը հասել է 47-ի, որոնցից 5 սպանություն (2-ը հակառակորդի կողմից, 2-ը` համածառայողների կողմից), 14 սպանության փորձ (13-ը` հակառակորդի կողմից):

Արձանագրվել է նաեւ զինծառայողների մահվան 32 դեպք, որոնցից 17-ը կապված է ծառայության հետ: Այս ցուցանիշը 2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 5 դեպքով:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG