Մատչելիության հղումներ

Մարի Յովանովիչը Հայաստան կժամանի սեպտեմբերին


Նախատեսվում է, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում հաստատված Մարի Յովանովիչը Երեւան կժամանի սեպտեմբերին: Այդ մասին ասված է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության հաղորդագրությունում:

Ամերիկյան Սենատը Մարի Յովանովիչին Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում հաստատել է օգոստոսի 1-ին:

Մինչ նոր նշանակումը, Յովանովիչը 2005-2008 թվականներին եղել է Միացյալ Նահանգների դեսպանը Ղրղըզստանում:

Դեսպան Յովանովիչը ԱՄՆ-ի դիվանագիտական ծառայության կադրային դիվանագետ է եւ ունի նախարար-խորհրդականի դիվանագիտական աստիճան: Դիվանագիտական ծառայության է անցել 1986 թվականից` աշխատելով Օտտավայում, Մոսկվայում, Լոնդոնում, Մոգադիշուում եւ Կիեւում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչություններում: 2001 թվականից մինչեւ 2004 թվականը զբաղեցրել է Ուկրաինայում ԱՄՆ-ի փոխդեսպանի, 2004 թվականից մինչեւ 2005 թվականը` ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքական հարցերով առաջին տեղակալի ավագ խորհրդականի պաշտոնները:

Դեսպան Յովանովիչը ավարտել է Փրինսթոնի համալսարանը, մասնագիտությամբ պատմաբան է, զբաղվել է Ռուսաստանի պատմության ուսումնասիրությամբ: Ավարտել է նաեւ Պուշկինի ինստիտուտը, մագիստրոսի կոչում է ստացել ԱՄՆ-ի Ազգային ռազմական քոլեջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG