Մատչելիության հղումներ

Վիկ Դարչինյանը` վերստին IBF վարկածով աշխարհի չեմպիոն


Մինչեւ 52 կիլոգրամ քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերստին նվաճել է Վիկ (Վախթանգ) Դարչինյանը:

Հայաստանում ծնված եւ Ավստրալիայում բնակվող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը անցած շաբաթ օրը 5-րդ ռաունդում նոկաուտով պարտության է մատնել 32-ամյա ռուսաստանցի Դմիտրի Կիրիլովին: «Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` մենամարտը տեղի է ունեցել Emerald Qeen Casino-ի սրահում:

«Մեկ տարի առաջ ես կորցրել էի տիտղոսը եւ հիմա կարողացա վերադարձնել», - ասել է Դարչինյանը, ով պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 30 մարտերից տանուլ է տվել միայն մեկը, իսկ 29 հաղթանակներից 5-ը ավարտել է մրցակիցների համար ծանր նոկաուտներով:

«Ես երբեք չեմ թերագնահատում մրցակիցներիս, ես շատ բան եմ սովորել վերջին մարտերում», - նշել է նա:

«Ես սխալ մարտավարություն էի ընտրել, չէի լսում իմ մարզիչ Ֆրեդի Ռոչի հրահանգները, անվերջ փորձում էի հարցը լուծել մեկ հուժկու հարվածով, սակայն դա չստացվեց», - ասել է Կիրիլովը:

Վիկ Դարչինյանը 2004 թվականին է նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը եւ այն 6 անգամ պաշտպանել է, սակայն անցյալ տարվա հուլիսին պարտվել է ծագումով ֆիլիպինցի` ներկայումս ԱՄՆ-ի քաղաքացի Նոնիտո Դոնեյրին:

Դմիտրի Կիրիլովի հետ չեմպիոնի տիտղոսը վիճարկելու իրավունքը Դարչինյանը վաստակել է այս տարվա փետրվարին մեկ այլ ֆիլիպինցի մարզիկի՝ Զեյ Գորեսին հաղթելու շնորհիվ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG