Մատչելիության հղումներ

Թուրքական համալսարանում` հայոց լեզվի եւ գրականության բաժի՞ն


Թուրքիայի կրթական արտոնագրերի բարձրագույն հանձնաժողովը Նեւշեհիր քաղաքի համալսարանին տվել է հայոց լեզվի եւ գրականության բաժին բացելու արտոնագիր: «Թրենդ» գործակալության վկայությամբ` այդ առարկաների դասավանդման հայտը ներկայացրել է համալսարանի գրականության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Մեթին Հուլաջուն:

Պրոֆեսորի համոզմամբ` հայոց լեզվի եւ գրականության բաժնի ստեղծումը ոչ միայն կնպաստի երկու ժողովուրդների հարաբերությունների բարելավմանը, այլեւ թույլ կտա պատրաստել տարբեր բնագավառների համար անհրաժեշտ կադրեր:

Համալսարանում դասավանդելու համար համապատասխան մասնագետներ գտնելու հարցը Նեւշեհիրի համալսարանը քննարկել է Թուրքիայի հայ համայնքի հոգեւոր առաջնորդ` Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հետ, որը չի բացառել Հայաստանից մասնագետներ հրավիրելու հնարավորությունը:

«Թրենդ»-ը նշում է, որ պրոֆեսոր Մեթին Հուլաջուն վերջերս այցելել է Հայաստան, որտեղ ծանոթացել է Երեւանի պետական համալսարանի դասախոսների հետ:

Նեւշեհիրի համալսարանը հայոց լեզվի եւ գրականության բաժնում ուսանողների ընդունելությունը կսկսի 2009 թվականից: Այսօրվա դրությամբ, այդ առարկաները Թուրքիայում դասավանդում են Ստամբուլի Բողազիչի համալսարանում:

Նեւշեհիրը գտնվում է Թուրքիայի կենտրոնական հատվածում` Կապադովկիա կոչվող շրջանում: Նեւշեհիրի համալսարանը հիմնադրվել է 2007 թվականի մայիսի 17-ին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG