Մատչելիության հղումներ

Կարապետ Ռուբինյանը տրամաբանություն չի տեսնում իշխանությունների գործողություններում


Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը որեւէ տրամաբանություն չի տեսնում իշխանությունների գործողություններում` կապված, մասնավորապես, հետընտրական իրադարձությունների առնչությամբ կալանավորված գործիչներից ոմանց ազատ արձակման հետ:

Ռուբինյանը, ով զանգվածային անկարգություններ հրահրելու եւ պետական իշխանությունը յուրացնելու մեղադրանքով կալանավորվել էր, ապա մայիսի 13-ին խափանման միջոցի փոփոխությամբ ազատ արձակվել, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Այն պահին, երբ ինձ ազատ արձակեցին, ինձ թվում էր, որ արդեն սառույցը հալչում է, եւ պիտի ազատ արձակեն կարճ ժամանակում, բայց հետո նկատեցի, որ որեւէ տրամաբանություն չկա այս իշխանությունների մոտ. երեւի հավաքվում են մի սեղանի շուրջ, այդ պահին ինչ-որ բան են որոշում, հետո մեկ այլ կազմով` ուրիշ բան: Բնականաբար, ճնշումը ե’ւ մեր հասարակության կողմից, ե’ւ եվրոպական կառույցների կողմից կա, դա ընդհանուր ֆոնն է, բայց իրենց գործողություններում ես տրամաբանություն չեմ տեսնում, եւ դա շատ բնորոշ է նրանց»:

Ի պատասխան այն հարցի, թե արդյոք որեւէ միտում չի՞ նկատում` հաշվի առնելով, մասնավորապես, օրերս ՀՀՇ-ի վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի խափանման միջոցի փոփոխությունը, եւ ակնկալիք չունի՞, որ դա շղթայական կլինի, Կարապետ Ռուբինյանը հայտարարեց. - «Ես համոզված եմ, որ ի վերջո բոլորը ազատության մեջ են լինելու, եւ համոզված եմ, որ ի վերջո, նրանք, ովքեր ապօրինաբար մեզ բոլորիս այդքան ժամանակ անազատության մեջ պահեցին, պատասխան են տալու դրա համար: Բայց ես որեւէ կանխատեսում չեմ կարող անել, թե իրենք այս վճիռը կայացրել են եւ այս ժամկետում կարող են ազատ արձակել կամ հակառակը»:

Ինչ վերաբերում է անազատության մեջ գտնվողների կամ նրանց հարազատների ակնկալիքներին` «Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի» նախաձեռնող խմբի անդամ Ռուբինյանը ասաց. - «Տարբեր խոսակցություններ անընդհատ կան: Մասնավորապես, այդ վերջին տասը օրվա խոսակցությունները, որ որոշել են չորս հոգու ազատ արձակել, եւ տարբեր կազմեր էին նշում: Բայց դրանք զուտ խոսակցություններ են` ընդհանուր տրամաբանություն չկա»:

Այսօր ավելի ուշ հրավիրած ասուլիսում Ռուբինյանը հնչեցրեց իր տպավորությունը, թե «իշխանությունները գրոգի մեջ են»` մի կողմից, չեն կարող գնալ ժողովրդավարացման եւ արդար ընտրությունների ճանապարհով, որովհետեւ կկորցնեն իշխանությունը, մյուս կողմից, տեսնում են, որ ռեպրեսիաները արդյունք չեն տալիս: Հետեւաբար, ըստ Ռուբինյանի` իշխանությունները չեն պատկերացնում իրենց առաջիկա անելիքը:

Խոսելով օգոստոսի 1-ի հանրահավաքի մասին` Ռուբինյանը ասաց, թե իշխանությունները դեռ ժամանակ ունեն «ապշեցնելու» ընդդիմությանը. եղած ժամանակը դեռ «լիովին բավարար է, որ Սերժ Սարգսյանը հենց վաղը հայտարարի, որ քաղաքական վճիռ են կայացրել` հանուն երկրի հանգստության դադարեցնել քաղաքական հետապնդումները:

«Մենք էլ ապշած կգնանք հանրահավաքի եւ կասենք` ժողովուրդ, կատարվեց անսպասելին, մեր բոլոր քաղբանտարկյալները ազատ են արձակվել, եւ սա հույս է ներշնչում, որ, Սերժ Սարգսյանի հետ երկխոսելով, մեր երկիրը կտանենք ժողովրդավարական ուղով», - ասաց Ռուբինյանը` հավելելով, որ «եթե տեղի ունենա այն, ինչ որ միշտ», ապա հանրահավաքը կազդարարի նոր փուլի սկիզբը, որի ընթացքում Համաժողովրդական շարժումն ամեն ինչ անելու է «օր առաջ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացմանը հասնելու համար»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG