Մատչելիության հղումներ

«Չինաստանը չկատարեց մարդու իրավունքների ոլորտում բարելավումների խոստումը»


Չինաստանը այդպես էլ չկատարեց մարդու իրավունքների ոլորտում բարելավումներ իրականացնելու իր խոստումը` խոստում, որ տրվել էր 7 տարի առաջ, երբ Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշեց 2008 թվականի ամառային Օլիմպիադան անցկացնել Պեկինում: Պեկինում օգոստոսի 8-ին մեկնարկող Օլիմպիական խաղերի շեմին այդ մասին հայտարարում են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները:

Մասնավորապես, Amnesty International կազմակերպության ներկայացուցիչ Մարկ Էլիսոնը Հոնկոնգում հրավիրած ասուլիսի ընթացքում հայտարարել է. - «Մենք շարունակում ենք կոչ անել աշխարհի պետությունների այն բոլոր ղեկավարներին, որոնք պատրաստվում են մասնակցել Օլիմպիադայի բացման արարողությանը` այսօր արդեն հստակորեն արտահայտվել Չինաստանում մարդու իրավունքների ոտնահարումների թեմայով: Հակառակ պարագայում, այդ նախագահների ու վարչապետների մասնակցությունը խաղերի բացման արարողությանը չինական կողմը կփորձի ներկայացնել որպես պաշտոնական Պեկինի գործողություններին ցուցաբերած լռելյայն աջակցություն»:

Օգոստոսի 8-ին Պեկինում են լինելու մի շարք առաջատար պետությունների ղեկավարներ, այդ թվում Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Ճապոնիայի վարչապետ Ֆուկուդան:

Այս պայմաններում, Amnesty International-ը հանդես է գալիս արտահերթ զեկույցով` արձանագրելով, որ Օլիմպիական խաղերի շեմին մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը ոչ միայն չեն նվազել, այլեւ հստակ աճի միտում են արձանագրում: Իրավապաշտպանները նշում են, որ Չինաստանը ի կատար ածված մահապատիժների թվով աշխարհի առաջատարներից է, իշխանությունները շարունակում են սահմանափակել շարքային չինացիների` ինտերնետից օգտվելու հնարավորությունները, արգելափակելով Չինաստանի մասին քննադատական տեղեկատվություն պարունակող կայքէջերը:

Amnesty International-ի ներկայացուցիչները նաեւ նշում են, որ վերջին ամիսներին ի հայտ են եկել մարդու իրավունքների ոտնահարման զուտ «օլիմպիական» դեպքեր: Օրինակ, Պեկինի քաղաքային իշխանությունները իրավունք են ստացել Օլիմպիադայի օրերին քաղաքից արտաքսել ցանկացած կասկածելի անձնավորության` արգելելով նրա մուտքը մայրաքաղաք մինչեւ խաղերի ավարտը:

Պաշտոնական Պեկինը, սակայն, այս բոլոր մեղադրանքները կտրականապես հերքում է: Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը երեկ հայտարարել է. - «Որեւե մեկը, ով իրոք ծանոթ է Չինաստանում տիրող կացությանը, չի կարող հավատալ այս պնդումներին»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG