Մատչելիության հղումներ

Մյասնիկ Մալխասյանը տեղափոխվել է հիվանդանոց


Հետընտրական իրադարձությունների կապակցությամբ կալանավորված Ազգային ժողովի պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը այսօր առավոտյան տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ` հետազոտվելու: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը:

Զանգվածային անկարգությունների եւ պետական իշխանության յուրացման մեղադրանքներով մարտի 5-ից կալանքի տակ գտնվող Մյասնիկ Մալխասյանի առողջական վիճակի վատացման մասին երկուշաբթի օրը ահազանգել էր Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության եւ մարտի 1-2-ի իրադարձությունները ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը: Նույն օրը Մալխասյանի պաշտպան Մելանյա Առուստամյանը միջնորդություն էր ներկայացրել նախաքննության մարմնին` իր պաշտպանյալին հիվանդանոց տեղափոխելու եւ խափանման միջոցը փոխելու խնդրանքով, իսկ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին նույնպիսի բովանդակությամբ դիմում-երաշխավորագիր էր ներկայացրել Ազգային ժողովի միակ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը:

Երեկ Արծվիկ Մինասյանը, ինչպես նաեւ մարտի 1-2-ի իրադարձությունները ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի մեկ այլ անդամ` Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը, դիմում-երաշխավորագիր են ներկայացրել գլխավոր դատախազին Մյասնիկ Մալխասյանի եւ կալանավորված մյուս երկու պատգամավորների` Հակոբ Հակոբյանի եւ Սասուն Միքայելյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով:

Երեքշաբթի օրը գլխավոր դատախազին է դիմել նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` խնդրելով «քննարկել Մյասնիկ Մալխասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու կամ ստացիոնար բուժում ստանալու հնարավորության հարցերը»:

Այսօր օրվա երկրորդ կեսին Արսեն Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ավարտվել է Մյասնիկ Մալխասյանի բժշկական հետազոտությունը, եւ նա տեղափոխվել է «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

Երեկոյան, երբ պարզ կլինեն հետազոտության արդյունքները, որոշում կկայացվի բուժման կազմակերպման վերաբերյալ:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG