Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները փորձում է նպաստել Ադրբեջանում ժողովրդավարության զարգացմանը


ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը 7 միլիոն դոլար է տրամադրել Ադրբեջանին` ժողովրդավարության զարգացմանը նպաստող ծրագրերի ֆինանսավորման համար: Day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` այդ գումարից առնվազն 3 միլիոնը ծախսվելու է առաջիկա նախագահական ընտրությունների ժողովրդավարական ընթացքը ապահովելու նպատակով:

Դեռ հունիսի սկզբին ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան Բաքվում հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները ձգտում է անել հնարավորը, որպեսզի առաջիկա նախագահական ընտրությունները լինեն ամենաթափանցիկն ու ժողովրդավարականը Ադրբեջանի պատմության մեջ:

Ադրբեջանի իշխանությունները վստահեցնում են, որ պատրաստ են հոկտեմբերի 15-ի նախագահական ընտրությունները արդար եւ թափանցիկ անցկացնել: Ընդդիմադիրները, սակայն, շարունակում են պնդել, որ Ադրբեջանում անհնար է խոսել ժողովրդավարական ընտրությունների մասին, եւ արդեն իսկ պարզ է, որ նախագահի ընտրությունը վերածվելու է հերթական քաղաքական «ֆարսի»:

Ադրբեջանական գործակալությունների փոխանցմամբ` նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն արդեն հայտնել են 5 կուսակցություններ եւ հրապարակել իրենց թեկնածուների անունները: Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը պատրաստվում է առաջադրել գործող նախագահ Իլհամ Ալիեւի թեկնածությունը:

Ընդդիմադիր երեք կուսակցությունների «Ազադլիգ» դաշինքը անցած շաբաթ որոշեց որեւէ թեկնածություն չառաջադրել եւ իր ընտրողներին կոչ արեց չմասնակցել քվեարկությանը: Դաշինքի ղեկավարների բնորոշմամբ` ընտրությունների ելքն արդեն իսկ կանխորոշված է: «Ազադլիգ»-ը ամիսներ շարունակ հանդես էր գալիս հավաքների, մամուլի ազատությունը ապահովելու, ազատազրկված լրագրողներին եւ քաղբանտարկյալներին ազատ արձակելու, նախընտրական շրջանում բոլոր թեկնածուների համար հավասար պայմաններ ստեղծելու պահանջներով: «Սակայն այս պայմանները ոչ միայն չապահովվեցին, այլեւ հակառակը` Ընտրական օրենսգրքում ամրագրվեցին փոփոխություններ, որոնք ավելի են ուժեղացնում մամուլի նկատմամբ ճնշումները եւ վատթարացնում ազատ քաղաքական գործունեություն ծավալելու պայմանները: Այդ իսկ պատճառով որոշեցինք չմասնակցել այդ հակաժողովրդավարական եւ անարդար ընտրություններին», - ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է «Ազադլիգ»-ի ղեկավարներից Ալի Ալիեւը:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Ադրբեջանի ժողովրդավարական հաստատությունների վերաբերող իր վերջին զեկույցում արձանագրել է, որ վերջին տարվա ընթացքում որոշ բնագավառներում վիճակն ավելի է վատացել: «Իշխանությունները մարդկանց ձերբակալում են քաղաքական դրդապատճառներով: Արձանագրվում են հավաքների ազատության սահմանափակումներ», - նշել է Պետդեպարտամենտը` հավելելով, որ արդարադատության համակարգը շարունակում կոռումպացված մնալ, իսկ մամուլի ազատության հետ կապված իրավիճակը է’լ ավելի է վատացել 2007 թվականին:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG