Մատչելիության հղումներ

Ռադովան Կարաջիչը դեռ էքստրադիցիայի չի ենթարկվի


Բոսնիացի սերբերի նախկին առաջնորդ Ռադովան Կարաջիչի փաստաբան Սվետոզար Վույաջիչը սերբական լրատվամիջոցներին հայտնել է, որ հասցրել է բողոքարկել իր պաշտպանյալին Հաագայի միջազգային դատարանին հանձնելու որոշումը, եւ Կարաջիչը առնվազն մինչեւ չորեքշաբթի դեռ կմնա Սերբիայում:

«Ես չեմ կարող ձեզ տեղեկացնել, թե ինչ է գրված իմ նամակում, թե որ փոստային ծառայությամբ եւ երբ եմ այն ուղարկել: Կարող եմ միայն ասել, որ վերջին պահին եմ դա արել», - «Վեչերնիե նովոստի» պարբերականին ասել է Վույաջիչը:

Սերբական լրատվամիջոցների փոխանցմամբ` փաստաբանն այդպիսով ձգտել է հնարավորինս երկարաձգել իր պաշտպանյալին էքտրադիցիայի ենթարկելու ժամկետները:

Ռադովան Կարաջիչին Հաագայի դատարանին հանձնելու վճիռը բողոքարկելու ժամկետը լրանում էր ուրբաթ, եւ մինչեւ վերջին պահը տեղեկություններ չկային` բողոքարկվե՞լ է արդյոք այն, թե՞ ոչ: Ակնկալվում էր, որ Կարաջիչը հենց այսօր Բելգրադի մեկուսարանից էքստրադիցիայի կենթարկվի, սակայն այժմ սերբական դատարանը պետք է եռօրյա ժամկետում ներկայացնի իր եզրակացությունը փաստաբանի միջնորդության վերաբերյալ: Փաստաբանը պահանջում է, որպեսզի Կարաջիչին դատեն Սերբիայում, մինչդեռ Սերբիայի զինվորական հանցագործությունների գծով հատուկ դատախազ Վլադիմիր Վուկչեւիչը «նվազագույն» է գնահատել դրա հնարավորությունները:

1992-95 թվականներին Բոսնիա եւ Հերցեգովինայում պատերազմական հանցագործությունների եւ ցեղասպանության համար մեղադրվող Ռադովան Կարաջիչի դեմ մեղադրականը բաղկացած է 27 էջից:

Բոսնիացի սերբերի նախկին առաջնորդին Հաագայի միջազգային դատարանին հանձնելու որոշման արձագանքները Սերբիայում միանշանակ չեն: Մասնավորապես, արմատական կուսակցության ղեկավար Վերիցա Ռադետան Սերբիայի նախագահ Բորիս Տադիչին հրապարակավ մեղադրել է ազգային դավաճանության մեջ, ինչին ի պատասխան` նախագահի կողմնակիցները պահանջում են քրեական գործ հարուցել Ռադետայի դեմ:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG