Մատչելիության հղումներ

Օմբուդսմենի հետ հանդիպմանը ԵԽԽՎ-ի նախագահը շեշտել է, թե ԱԺ-ի ժամանակավոր հանձնաժողովը «հավատ չի ներշնչում»


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ հանդիպմանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչը, օմբուդսմենի փոխանցմամբ, նշել է, որ մարտի -2-ի իրադարձությունները ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովը «հավատ չի ներշնչում»:

«Նա ուղղակիորեն նշեց, որ այն հեղինակությունը, որ այսօր հասարակությունում ունի Ազգային ժողովը, հավատ չի ներշնչում այդ հանձնաժողովի նկատմամբ` նույնիսկ եթե նրանք ցանկանում են լավ գործ անել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Արմեն Հարությունյանը: - «Եվ նա ասաց, որ չի համարում, թե այդ հանձնաժողովով բանաձեւի համապատասխան կետը լուծվել է, եւ շեշտը դրեց այն փաստահավաք հանձնաժողովի վրա, որն առաջարկել էր [Եվրախորհրդի] մարդու իրավունքների հանձնակատարը` պարոն Համմարբերգը»:

«Նա, միաժամանակ նշեց, որ ոչ բոլորն են Հայաստանում հասկանում պահի լրջությունը` մտածելով, որ եթե մինչեւ հունվար ժամանակ է տրվել, ուրեմն կարելի է լուրջ չվերաբերվել այդ ամենին», - շարունակեց օմբուդսմենը: - «Նա նշեց, որ ըստ էության այս երկու հարցերի վերաբերյալ ժամանակը մինչեւ սեպտեմբերի 11-ն է»:

Այսօր կայացած հանդիպմանը, Արմեն Հարությունյանի խոսքով, հիմնականում քննարկել են մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի գործունեությանն եւ կալանքի տակ գտնվող անձանց վերաբերող հարցեր:

«Պետք է նշեմ, որ մոտեցումը եւ դիրքորոշումը բավականին կոշտ էր», - ասաց Արմեն Հարությունյանը:

Նրա փոխանցմամբ, ԵԽԽՎ-ի նախագահը հստակ նշել է, որ «եթե նույնիսկ մեկ հոգի մնա, դա իրենց համար անընդունելի է լինելու», եւ «պետք է այդ խնդրները թափանցիկ լինեն»:

Լուիս Մարիա դե Պուչը իր մտահոգությունն է հայտնել նաեւ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանի հանձնարարականների առնչությամբ, եւ Արմեն Հարությունյանը պատմել է կեղծիքների, ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումների միջոցով ցուցմունքներ կորզելու վերաբերյալ մի շարք քաղաքացիների բողոքների եւ դժգոհությունների մասին:

«Ես նշեցի, որ մենք բավականին բողոքներ ենք ստանում, որ մարդկանց նկատմամբ ճնշում կա, որպեսզի նրանք կեղծ ցուցմունքներ տան: Մենք չենք կարող պնդել, դա ճիշտ է, թե ոչ, բայց նման բողոքները շատացել են», - ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG