Մատչելիության հղումներ

Հայաստանում է ԵԽԽՎ-ի նախագահը


Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լուիս Մարիա դե Պուչը, ով եռօրյա այցով Երեւանում է, երեկ «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան հայտարարեց, որ «այսօրվա դրությամբ, իրեն չի բավարարում Հայաստանի իշխանությունների կողմից ԵԽԽՎ-ի բանաձեւերի պահանջների կատարման ընթացքը». - «Ինչ-որ բան արված է, բայց կան շատ կարեւոր հարցեր, որոնք դեռ լուծված չեն»:

Նա հայտարարեց, որ ամբողջությամբ պաշտպանում է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի առաջարկները:

Լուիս Մարիա դե Պուչը երեկ Ազգային ժողովում հանդիպումներ է ունեցել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամների, խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների, մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անդամների եւ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հետ:

Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը ԵԽԽՎ-ի նախագահը վերահնչեցրել է Թոմաս Համմարբերգի առաջարկը հանձնաժողովից դուրս փաստահավաք խումբ ստեղծելու մասին:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի փոխացմամբ, ԵԽԽՎ-ի նախագահի հետ հանդիպմանը իրենք բարձրացրել են «քաղաքական բանտարկյալների խնդիրը», «մարտի 1-ին տեղի ունեցած սպանությունների բացահայտման հարցը», ինչպես նաեւ այն, որ իշխանությունները «առանց հիմնավոր ապացույցների շարունակում են արգելել ընդդիմության հանրահավաքները»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG